Երեկ Հայաստանի գրողների միության դահլիճում մեկնարկեց օտարագիր հայ գրողների 4-րդ համաժողովը, որի խորագիրն էր «Հայկական ճակատագիրը օտարագիր հայ գրողների ստեղծագործության մեջ»: Այն անցկացվում է ՀԳՄ-ի, մշակույթի, սփյուռքի նախարարությունների եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ: Համաժողովի միակ ու անփոփոխ հովանավորն է ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը բացելով համաժողովը, ասաց. «Երբ 2005-ին մտահղացվեց Համահայկական գրական ժողովներին զուգընթաց կազմակերպել նաեւ օտարագիր հայ գրողների համախմբումներ, որոշ անձանց մոտ տարակուսանք առաջացավ: Սակայն գործը ցույց տվեց, որ այսօր օտարագիր հայ գրականությունն ու օտարագիր հայ գրող երեւույթը ծագել է եւ հայացել է մեր ժողովրդի պատմական ճակատագրի թելադրանքով: Սերնդե-սերունդ կորցնելով մայրենի լեզուն, ստեղծագործելով տարբեր երկրներում, օտարագիր հայ գրողները դարձել են տվյալ երկրների գրականության անվանի ներկայացուցիչներ, իրենց ստեղծագործությունների առանցքը համարելով Հայոց ցեղասպանությունը, Հայ դատը, հայի կերպարը, Հայաստանը եւ հայի առանձնահատուկ տեսակը»:
Այս 4-րդ համաժողովին մասնակցում են 15 երկրների 30 պատվիրակներ տարբեր մայրցամաքներից: Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարը եւ կարեւորեց օտար ափերում հայ գրականությունը միջազգային գրական աշխարհին ներկայացնելու եւ հայ ժողովրդի կարեւոր հիմնահարցերը բարձրաձայնելու խնդրում: Նախարարը նաեւ ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում նշվում էր. «Այս համաժողովում տարբեր երկրներից հայազգի տարբեր գրողների այսպիսի լայն ներկայացվածությունը թույլ է տալիս կանխատեսել ակտիվ եւ բովանդակալի քննարկումներ, բոլորիս հուզող ազգային եւ ստեղծագործական հարցերի շուրջը»:
Հրանուշ Հակոբյանը սփյուռքի նախարարության բարձրագույն պարգեւովՙ Վիլյամ Սարոյան մեդալ հանձնեց Մադլեն Գարագաշյանին (ԱՄՆ), Արամ Արքունին, Վարդենի Բեդանյանին, իսկ նախարարության պատվոգրերըՙ Նաթելլա Լալաբեկյանին (ՌԴ), Խաչիկ Խաչերին (Իրան), Լեւոն Օսիպյանին (ՌԴ):
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ու շնորհավորեց ՌՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Նա նշեց, որ ՀՀ անկախության 20-ամյակի եւս մեկ ձեռքբերումներից մեկն է ԳՄ նախաձեռնած այս համաժողովը: «Դա ձեռքբերում է, որ հաստատում է մի կողմից աշխարհասփյուռ գրական արժեքները մայր հայրենիքի շուրջը համախմբվելու մեր կամքը, մյուս կողմիցՙ այդ արժեքներին տեր ու սատար կանգնելու վճռականությունը: Եվ իր գործունեության այս դաշտում Գրողների միությունը սերտորեն համագործակցում է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հետ: Այս համագործակցությունը բնական եւ տրամաբանական է, քանի որ համընկնում են մեր կառույցների նպատակները, մեր գործունեությունը ծավալվում է մտահոգության նույն առանցքի շուրջ: Մեր համագործակցության հիմքում ընկած է ազգահավաքի առաքելությունըՙ միասնաբար դիմագրավելու նոր հարյուրամյակի մարտահրավերներին, սատարելու նորանկախ հայրենիքինՙ հզոր ու բարեկեցիկ պետության տեսլականով, համախմբել մեր մտավոր եւ ստեղծագործական ներուժը»:
Իրենց բազմաբնույթ գործունեության շրջանակում Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) արդեն 4-րդ տարին է, ինչ ձեռնարկել եւ ՀԳՄ-ի հետ անցկացնում են «XXI դար. հայ արձակ» գրական մրցանակաբաշխությունը: Այդ մրցույթը նպատակ ունի խթանել ժամանակակից հայ արձակի զարգացմանը, նպաստել, ցավոք, այնքան խոցելի մեր գրողների սոցիալական վիճակի բարելավմանը, հայտնաբերել նոր շնորհալի անուններ: Ուրախալի է, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների ցանկը, ստեղծվում են նոր գործեր, որոնց մի մասը հրատարակվում է առանձին մատենաշարով ՀՀԿ եւ ՌՀՄ ջանքերի շնորհիվ: Կենտրոնի միջոցով հրատարակվել են ինչպես ցեղասպանության, այնպես էլ Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ մի քանի տասնյակ գրքեր ու աշխատություններ:
Պրն Աբրահամյանն ասաց, որ հաջորդիվ անցկացվող մրցույթի պահանջները կընդլայնվեն եւ հովանավորությունը, անշուշտ, կշարունակվի: Այնուհետեւ պրն Աբրահամյանը մրցանակներ հանձնեց երեք անվանակարգերում հաղթող ճանաչված գրողներինՙ Գուրգեն Խանջյանին «Ենոքի աչքը» վեպի, Էդվարդ Խաչիկյանին «Սպիտակ գայլը» պատմվածաշարի, Հուսիկ Արային «Միայնակ շան լուսնահաչը» վիպակի համար: Իսկ ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ սփյուռքահայ արձակագիր Պողոս Գուբելյանը (ԱՄՆ): ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը բարձր գնահատելով ՀՀԿ, ՌՀՄ գործունեությունը եւ համագործակցությունը ԳՄ վարչության որոշմամբ Արա Աբրահամյանին հանձնեց միության «Գրական բարերար» բարձրագույն պարգեւը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունեց ու շնորհավորեց ներկաներին, կարեւորեց հայ գրականության ու օտարագիր գրողների դերը եւ նախարարության ոսկե մեդալներ հանձնեց Փիտեր Սուրյանին (ԱՄՆ), Փիտեր Քաուին (ԱՄՆ), Մկրտիչ Մարկոսյանին (Թուրքիա), Ալա Ուայլթհորնին (Կանադա), Ալեքսանդր Բոժկոյին (Ուկրաինա) եւ Րաֆֆի Քանդյանին (Գերմանիա):
Համաժողովի մասնակիցները լիագումար նիստերը մինչեւ հոկտեմբերի 15-ը կշարունակեն Ծաղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանը, որտեղ բացի 54 զեկույցներից կլինեն նաեւ գրքերի շնորհանդեսներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ