«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2011-10-11 | #181, 2011-10-12 | #182, 2011-10-13


ՔԻՉ ԵՐԵՎԱԿԱՅԵԼ, ՇԱՏ ՏՐԱՄԱԲԱՆԵԼ

Կամ եւս մեկ խորհուրդ Ռաուֆ Միրկադիրովին

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ինչ-որ բան ադրբեջանական հանրային գիտակցության մեջ կարծես սկսել է շարժվել: Դա պայմանականորեն կարելի է անվանել «ողջախոհության նախանշան»: Եթե, իհարկե, այդ երկրի գոնե անվանապես անկախ մամուլն իրոք փորձում է դառնալ հանրային տրամադրությունների «հայելի» կամ ձգտում է մարդկանց մղել իրատեսության:

Մոտավորապես այս վերաբերմունքն է հայցում Ռաուֆ Միրկադիրովի «Ադրբեջանի դիրքորոշումը հետեւողականությամբ աչքի չի ընկնում» վերլուծականը (տես` «Զերկալո», 12.10.2011 թ.): Մի կողմ թողնենք հանգամանքը, որ հեղինակն այն գրեթե ամբողջությամբ կառուցել է Գորան Լենմարկերի եւ Էլմար Մամեդյարովի «ասույթների» վրա: Էականը նրա եզրահանգումներն են:

Եվ այսպես. ձեւակերպելով ԼՂ խնդրի կարգավորման ադրբեջանական տեսլականը, Միրկադիրովը հանգում է հետեւյալին. «Վերացնենք հակամարտության հետեւանքները, իսկ կարգավիճակի հարցը թողնենք ապագային»: Եվ ավելացնում, որ նույնն է ասում նաեւ «եվրոպական ազդեցիկ քաղաքական գործիչ Գորան Լենմարկերը»: Դարձյալ անտեսենք, որ ադրբեջանցի վերլուծաբանը բավականին ինքնակամ է գնահատում Լենմարկերի խոսքերը: Ավելի կարեւոր է, որ նա հիշյալ հարթությունում պաշտոնական Բաքվի դիրքորոշման մեջ անհետեւողականություն է տեսնում` նկատել տալով, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ «ընդունում է մադրիդյան առաջարկությունները»:

Իսկ դրանք ենթադրում են «ԼՂ վերջնական կարգավիճակի որոշարկում` իրավական ուժ ունեցող կամարտահայտության, այսինքն` հանրաքվեի միջոցով», գրում է «Զերկալո»-ի մեկնաբանը եւ ավելացնում, որ Էլմար Մամեդյարովն առաջարկում է «մի կողմ թողնել չհամաձայնեցված պահերն ու ձեռնամուխ լինել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին»:

Այս պահից նա սկսում է տրամաբանել. «Բայց չէ՞ որ կարգավիճակի հարցն այն «դանդաղ գործողության ականն է», որ կողմերին ամեն պահի կարող է հետ` ելման դիրքեր տանել»: Եվ, իհարկե, ճիշտ է ասում: Քանի որ եթե սկզբունքների հարցում չկա համաձայնություն, ապա ինչի՞ հիման վրա «պիտի կառուցվի խաղաղության համապարփակ պայմանագիրը»:

Երկրորդ կասկածը, որ հնչեցնում է Միրկադիրովը, վերաբերում է հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացում Ադրբեջանի դերակատարությանը: Նա դարձյալ հիմք է ընդունում Լենմարկերի մի արտահայտությունը: Ադրբեջանցի մեկնաբանն այստեղ պարզապես ծաղրում է իր երկրի իշխանությանը, երբ ասում է. «Եթե պաշտոնական Բաքուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տորպեդահարումն իրոք համարում էր հավասարակշռություն ստեղծելու անհրաժեշտ նախապայման, ապա դա պետք է կարգին` «կադրից դուրս մնալով» արվեր»:

Ըստ էության, Միրկադիրովն այսքանով ավարտում է կասկածների թեման եւ անցնում «խորհուրդների» ժանրին: Իր երկրի իշխանություններին նա հորդորում է հասնել մադրիդյան սկզբունքներից մեկի «վերաձեւակերպման» եւ արձանագրել, որ «առաջին, այսինքն` հակամարտության հետեւանքների վերացման փուլում Լեռնային Ղարաբաղին տրվում է միջանկյալ կարգավիճակ: Հակամարտության բոլոր հետեւանքների վերացումից հետո կողմերը ձեռնամուխ են լինում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի քննարկմանը` հաշվի առնելով հիմնական սկզբունքները, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:

Տվյալ «խորհուրդը» ձեւակերպելիս Միրկադիրովն արդեն լքում է հետեւողական տրամաբանության դաշտը եւ մտնում վիրտուալ աշխարհ: Քանի որ միջազգային իրավունքի տեսակետից ինքնորոշման իրավունքի իրացման սուբյեկտ է ինքնորոշվող ժողովուրդը: Իսկ Միրկադիրովն առաջարկում է, որ «ԼՂ կարգավիճակի քննարկմանը ձեռնամուխ լինեն կողմերը»:

«Զերկալո»-ի մեկնաբանը հայ-թուրքական հարաբերությունների «տորպեդահարման» հարցում իշխանություններին հորդորում է դա անել «թուրք հասարակության ներքին ռեսուրսների հաշվին»: Իսկ դա չի՞ դիտվի միջամտություն Թուրքիայի ներքին գործերին: Եվ հետո, եթե «ճիշտ է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ԼՂ հարցում կարող էր առաջընթաց արձանագրվել»,- ինչպես Լենմարկերին հղում անելով գրեթե վստահաբար կարծում է Միրկադիրովը, ապա ո՞րն է «գործընթացի տորպեդահարումից» Ադրբեջանի շահը: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե ադրբեջանցի վերլուծաբանն ուղղակի ենթադրեր, որ պաշտոնական Բաքուն իր ձեռքով խափանել է «ստատուս քվոն փոխելու հնարավորությունը»: Եվ հետագա դատողություններն աներ ըստ այդմ:

Վերջապես, «Զերկալո»-ի հեղինակը կատարելապես կորցնում է իրականության զգացողությունը, երբ իշխանություններին առաջարկում է անցնել «հարձակողական արտաքին քաղաքականության եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացնել նոր` իրավական պարտադիր ուժ ունեցող բանաձեւի նախագիծ»:

Խնդիրն Ադրբեջանի ցանկության կամ ոչ հետեւողականության մեջ չէ, այլ` հակամարտության կարգավորման մեթոդաբանության: Եվ դա Բաքվում ավելի լավ հասկանում է իշխանությունը, քան տվյալ դեպքում «Զերկալո»-ի մեկնաբանը. նման նախաձեռնությունը Բաքվի համար կարող է «բումերանգ» դառնալ:

Ամփոփելովՙ եւս մեկ անգամ խորհուրդ տանք Ռաուֆ Միրկադիրովին. «Հարկավոր է քիչ երեւակայել եւ ավելի շատ տրամաբանել»: Այդժամ խնդիրը կհստակվի. եթե Բաքուն կարծում է, որ ԼՂ «կարգավիճակի հարցը պետք է թողնվի ապագային», նշանակում է նույնքան ժամանակով էլ նա, կամա թե ակամա, երկարաձգում է «հակամարտության հետեւանքների վերացման հարցի» քննարկումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4