«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2011-10-11 | #181, 2011-10-12 | #182, 2011-10-13


ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ-150

«Նրա գործը Քրիստոսի ավետարանի շարունակությունն է»

Հիշելով անցյալը` կարողանում ենք առաջ ընթանալ եւ ամենակարեւորը` գնահատել մեր իրական բարեկամներին: Յուրաքանչյուր գործ կամ խոսք` նվիրված Նանսենին` հայ ժողովրդի հարգանքի տուրքն է մեծ մարդասերին:

150 տարի առաջ, հոկտեմբերի 10-ին, հեռավոր Նորվեգիայի մայրաքաղաքի` Օսլոյի մոտ, Լյուսակեր դաստակերտում (Քրիստիանիայում) ծնվեց հայ ժողովրդի անգնահատելի բարեկամ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը: Նշանավոր ճանապարհորդը, գիտնականը, Նոբելյան մրցանակի դափնեկիրը, օվկիանոսագետն իր ապրած կյանքով ապացուցեց, որ ամենակարեւորը մարդ լինելու մասնագիտությունն է: Նա մարդկության խիղճն էր: Ռազմագերիներին, սովյալներին եւ փախստականներին առաջին համաշխարհային պատերազմում ցուցաբերած մարդասիրական հսկայածավալ գործունեության համար Փարիզը, Բեռլինը, Լոնդոնը խոնարհվեցին նրա առաջ, Նյու Յորքը` փոթորկվեց: Նա սեփական աչքերով տեսավ հայի ցավը, վերապրեց բոլոր տանջանքները եւ ծնվեցին նրա խոսուն եւ փաստացի իրողությունների վրա հիմնված գիրք-վավերագրերը` «Խաբված ժողովուրդ»-ը (որի վրա կարմիր տառերով գրված է «Մեղադրանք Անտանտի եւ Ազգերի լիգայի դեմ»), «Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը» եւ այլ գրքեր, որոնք տարբեր լեզուներով թարգմանվել եւ ներկայացվել են աշխարհին, որոնցում հեղինակը դատապարտել է թուրք ջարդարարներին, Սուլթան 2-րդի եւ երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը` «Հայ Գողգոթան», որն իր չափերով եւ վայրագությամբ հավասարը չունի պատմության նեջ: Հայ ժողովրդի համար անմոռաց ու շատ սիրելի անուն է Ֆ. Նանսենը: Մարդկության առջեւ կոտորվեց մի ժողովուրդ եւ մնաց անպաշտպան, խիզախներից մեկն էր Նանսենը որը սատարեց ու շատ կարեւոր աշխատանքներ կատարեց հայերի փրկության համար:

Գրականագետ, լրագրող «Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը վերջին 10-ամյակում լուրջ եւ ծավալուն գործունեություն է կատարել` Հայ Դատի պաշտպանին հավուր պատշաճի ներկայացնելու հանրությանը:

- Ինչպե՞ս սկսվեց դեպի մեծ մարդասերի` Նանսենի գործունեության ուղին տանող ճանապարհը:

- Հայ ժողովրդի մեծ բարեկամի գործունեութամբ ոգեւորված` իմ նախաձեռնութամբ 2002 թվականի հուլիսի 8-ին Երեւանում ստեղծվեց Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամը: Շուրջ ինը տարվա գործունեության ընթացքում հիմնադրամի ջանքերով Ֆրիտյոֆ Նանսենի անվան լսարաններ ստեղծվեցին Երեւանի պետական եւ Հայ-ռուսական համալսարաններում: Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը բացվեց Վանաձորում, հոկտեմբերի 10-ին` նրա ծննդյան օրը: Հիմնադրամը տարիների ընթացքում հրատարակել է 15 գիրք, կազմակերպել գիտաժողովներ եւ ցուցահանդեսներ: Այսօր մեծ մարդասերի անվամբ փողոցներ կան Երեւանում, Սպիտակում եւ Ստեփանավանում, դպրոցներ` Երեւանում եւ Արմավիրում: Գյումրիի մանկատունը նույնպես անվանակոչվել է Ֆ. Նանսենի անունով: Երեւանի Նոր Նորքի համայնքի Նանսենի անվան զբոսայգում տեղադրված է Նանսենի հուշարձանը: Դեռ 1989 թվականին Նորվեգական Կարմիր Խաչի կողմից Սպիտակում կառուցվել է հիվանդանոց, որի բացմանը ներկա է եղել Ֆ. Նանսենի թոռը` աշխարհահռչակ ճարտարապետ Էյգել Նանսենը:

- Ձեր բեղուն գործունեությունը փաստում է, թե ով է հայը, որտեղից է գալիս, եւ ուր է գնում: Ո՞րն է Ձեր նպատակը:

- Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որպես Ազգերի Լիգայի գերագույն հանձնակատար, Նանսենը զբաղվել է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու եւ գաղթականների խնդիրներով: Իմ նպատակն է, հնարավորինս լիարժեք ներկայացնել Նանսենի հասարակական գործունեությունը` հատկապես նպատակաուղղված հայերին, քանի որ նա դեռ 1922 թվականին Ժնեւում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ ստեղծել է «Նանսենյան անձնագրեր», որոնցով Եղեռնից փրկված 320 հազար հայերի կարողացել է քաղաքացիություն շնորհել աշխարհի 52 երկրներում: Նրա հոգատարության շնորհիվ առ այսօր հայերը շատ երկրներում կարողանում են հիմնել նոր օջախներ եւ այդ երկրների լավագույն քաղաքացիները դառնալ: 1925 թվականի հունիսին, հինգ հոգուց կազմված հանձնաժողովով, նա ժամանել է Հայաստան, եղել հանրապետության շրջաններում, ծանոթացել գաղթականներին ընդունելու հնարավորությունների հետ: Հայերի նկատմամբ նենգամիտ խաղերին վերջ տալով` նրա համառ ու հետեւողական ջանքերի շնորհիվ է, որ մարդասիրական ուղիներով միջոցներ են հայթայթվել եւ 7.000 հայ գաղթականներ 1925-29 թվականներին հայրենադարձվել են Հայաստան: Նա գրել է. «Ցանկալի է, որ որ այդ գեղեցիկ երկիրն ու ժողովուրդը, որն այնքան դժբախտություններ է տեսել, վայելի խաղաղ ու երջանիկ կյանք»: Նրա վիթխարի գիտագրական ժառանգության մի մասը վերաբերում է հայ ժողովրդին ու Հայաստանին, որը փորձում ենք ներկայացնել մեր նոր սերնդին: 1927 թվականին, երբ նորվեգերեն հրատարակվում է «Հայաստանում» ծավալուն գիրքը, «Թայմսը» գրում է. «Այս գիրքը կարիճի պես իր պոչի մեջ խայթոց ունի, որը վիրավորում է հաճոյակատարությունը բոլոր նրանց, ովքեր խոստացան ավելին, քան կատարեցին»: Նանսենը քաջ գիտացում էր, որ հայ ժողովուրդը չի կարող պատկանել այն ժողովուրդների թվին, ում տեղը դարեր հետո սուլում է քամին, կամ խորշակն ստվերոտ տեղ չի կարողանում գտնել:

- Նանսենի 150-ամյակը լրացավ հոկտեմբերի 10-ին: Դուք լավ եք ուսումնասիրել մեծ գիտնականին ու մարդուն, գրքեր եք տպագրել նրա մասին, մենագրություններ, հոդվածներ: Ո՞վ է նա Ձեզ համար:

- «Հայրս մեռավ հայ բառը շուրթերին», - այսպես է հիշում Նանսենի դուստրը` Հեոյեր Նանսենը: Սրանք խոսքեր են, որ փաստում են Նանսենի եւ հայ ժողովրդի միջեւ եղած անկեղծ ու սրտաբուխ սերը: Շատ բնորոշ է ներկայացրել նրա գործն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը. «Նանսենի գործը Քրիստոսի Ավետարանի շարունակությունն է»: Նանսենյան բարությունը սահմաններ չի ունեցել, նա ԱՄՆ-ում հանել է իր լայնեզր գլխարկը եւ օգնություն հայցել անցորդներից` հայերի փրկության համար: Որքան էլ նրա մասին գրվի ու ասվի` քիչ է: Իմ ուսերին մեծ բեռ է ընկած, որովհետեւ բոլոր աշխատանքները կատարում եմ հասարակական հիմունքներով, սակայն ամեն ինչ անում եմ սիրով ու նվիրումով: Փառքն ինքն էր գնում նրան ընդառաջ, սակայն նա իր կյանքի կես ճանապարհն անցնելուց հետո հասկացավ, որ չի կարող անցնել` շրջանցելով այնտեղ անուժ ու անօգնական մարդկային խմբերին: Այն, որ աշխարհահռչակ մարդասերի սրտի սիրուց հային բաժին հասավ, դա մեծ երջանկություն է: Նանսենն ընդառաջ գնաց մոխիրների մեջ կյանքի ծիլեր հայտնաբերողի կանչին ու դարձավ այդ ծիլերի համար արեւի տակ տեղ բացող առաքյալը: Նա հայ դատի հենասյունն էր:

- Ձեր առաքելությունն անուրանալի է: Առաջիկայում ի՞նչ անելիքներ, մտահղացումներ ունեք:

- Հոկտեմբերին Հայաստան է ժամանելու Նորվեգիայի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, ճանաչված դիրիժոր Էսպեն Սելվիկը: Շուշիում նախատեսվում է բացել Նանսենի անվան մշակութային կենտրոն, իսկ Երեւանում կբացվի Նանսենի հուշարձանը: Անելիքները շատ են:

Այդ մեծ նորվեգացուն, գթասրտության ռահվիրային, ինչպես Ռ. Ռոլանն է ասել` «ժամանակի միակ եվրոպական հերոսին», դարեդար կհիշեն հետագա սերունդները, քանզի մեծերը մի տարեթիվ ունեն` ծննդյան:

ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4