«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2011-10-11 | #181, 2011-10-12 | #182, 2011-10-13


«ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ ԻՆՁ ՈՒԺ ՏՎԵՑ»

Լիբանանահայ անվանի մտավորական բանասեր, մատենագետ, մանկավարժ, սփյուռքյան մոտ մեկ տասնյակ օրաթերթերի, շաբաթաթերթերի, ամսաթերթերի խմբագրական կազմի անդամ, «Կամար» հանդեսի խմբագիր, մի շարք սփյուռքյան կառույցների հանձնախմբերի գործող անդամ եւ ատենապետ, տասնմեկ գրքերի հեղինակ Ժիրայր Դանելյանը (վերջին գրքի շնորհանդեսը մի քանի ամիս առաջ կայացավ Երեւանում) խմբագրել է 30 այլ հեղինակների գրքեր: Պրն Դանելյանը վերջին 30 տարիներին բազմիցս այցելել է հայրենիք եւ հյուրընկալվել «Ազգի» խմբագրությունում, որին համարում է իր լավ բարեկամը: Թերթի էջերում եղել են Ժիրայր Դանելյանի հետ հարցազրույցներ թե արդի գրականության եւ թե Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շուրջը: Սակայն, ինչպես նշում էր պրն Դանելյանը, այս անգամվա այցը յուրահատուկ էր նրանով, որ հրավիրված էր մասնակցելու Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովինՙ Լիբանանի ՀԲԸՄ-ի կազմում: Իսկ թե ինչ տպավորություն ստացավ համաժողովից եւ ինչ ակնկալիքներ է ունեցելՙ ասաց. «Ես այսօր մտավորականների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցա եւ ասացի, որ երբ երեք տարի առաջ սփյուռքի նախարարությունը հիմնվեց, ես շատ խանդավառ չէի: Սակայն երեք տարի անց կարծիքս փոխել եմ: Սփյուռքի նախարարության կազմակերպած նման համաժողովը, անկախ բազմաթիվ բացթողումների ու թերությունների, ոչ միայն արդյունավետ էր, այլեւ անհրաժեշտություն: Համախմբել շուրջ 550 ներկայացուցիչների աշխարհասփյուռ հայկական կառույցներից եւ համընդհանուր հայտարարի գալ, բավական դժվար գործ է: Այո, հավաքվեցինք, համաժողով անցկացրինք, բայց ի՞նչ: Ես հավատում եմ եւ համոզված եմ, որ եկել է ժամանակը, եւ վստահ եմ, որ համագումար կազմակերպողներն էլ գիտակցում են, որ այսուհետեւ պետք է շոշափելի արդյունք տալ, շոշափելի լուծումներ գտնել բազմաթիվ մեր հարցերի շուրջը, եթե ոչ բոլորին, ապա սկսելով գոնե մեկից: Եվ ես հավատացած եմ, այս համագումարից հետո շոշափելի արդյունքների ականատեսը պիտի լինենք, այլապես պետք չէ, եւ միտք չունի համագումարներ անել: Եթե անարդյունավետ պետք է լինենՙ կարիք չկա զուր ժամանակ ու գումարներ վատնել: Ես համոզված եմ, որ առաջիկայում արդյունքներ կտեսնենք եւ չենք հուսալքվի»:

Ժիրայր Դանելյանը տիկնոջՙ Զվարթի հետ այս այցի ընթացքում մասնակցեցին Անկախության 20-ամյակի հոբելյանական միջոցառումներին, հիացան եւ հպարտացան զորահանդեսով, իսկ որ հենց այդ օրը ամուսինները ստացան Հայաստանի Հանրապետության անձնագրերՙ կատարվեց նրանց երբեմնի երազանքը ու այդ մասին կիսվեցին «Ազգի» հետ:

«Յուրաքանչյուր անձ մանկությունից երազներ ունի: Դրանք մանուկ հասակում փոքր են, իսկ երբ մեծանում ենքՙ երազները մեծանում են: Երբ անցնում ենք այդ հանգրվանը, մեր ծնողներից, մեր ընտանիքից, դպրոցներից ստացած հայրենասիրության հունդերը ծլարձակում են եւ մենք մտքով ու հոգով կառչում ենք հայրենիքիցՙ անկախ իրավակարգից, ու աստիճանաբար քայլ առ քայլ սկսում ենք հարցերի խորքը թափանցել եւ հենց այդ պահին երեւան եկավ մեր ինքնության հարցը: Կասկած չկա, որ յուրաքանչյուր հայ իր ծննդավայրի քաղաքացին է եւ մենք այդ երկրներին երախտապարտ ենքՙ ես Լիբանանի, մյուսըՙ Սիրիայի, ուրիշըՙ ԱՄՆ-ի եւ այլն: Մյուս կողմից, մեր արմատների փնտրտուքը սկսեցինք ու ուղին մեզ բերեց հայրենի հող... Այսօր մենք ափի չափ հայրենիք ունենք, որը մեզ ներշնչում է ապագայի հանդեպ հույս, ավելի ընդարձակ հայրենիք ունենալու գաղափարը: Ուրեմն այս հայրենիքին, այդ ինքնության փնտրտուքի մեջ այս քաղաքացիության եւ երկքաղաքացիության իրագործումը մեր այդ երազի շոշափելի արդյունքն է: Իսկ այն պահը, երբ անձնագրային բաժնի պատսխանատու տիկինը ինձ եւ տիկնոջս հանձնեց Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերը, այնտեղ գտնվողներից ոչ ոք չհասկացավ, որ մենք ինչ ապրումներ ունեցանք ու ինչ էինք զգում: Ներսս ներքին փոթորիկներ էին անցնում եւ այդ պահին ես զգացի հայրենի հողի հզորությունը ոտքերիս տակ: Կարծես արմատներս խրվեցին այդ հողի խորքերը եւ ես ուժ ստացա այդ հողից: Զգացումներ կան, ապրումներ կան, որոնք բառերով հնարավոր չէ արտահայտել: Ահա այդպիսի պահեր ապրեցինք ու երբ անձնագրերը ձեռքումս հայտնվեցին, ամբողջ մարմնովս դող անցավ ու հետո ջերմություն: Դա հայրենի հողի ջերմությունն էր, որ ինձ ուժ տվեց: Իսկ երբ զորահանդեսը տեսանք Հանրապետության հրապարակում, հուզումից ու հպարտությունից արցունքները գլոր-գլոր հոսում էին: Հաջորդ երկու օրերին կառչել էինք հեռուստացույցից ու կրկին դիտում էինք զորահանդեսի տեսանյութերը ու ամեն անգամ նոր բան էի ինձ համար հայտնաբերում, որը հրապարակում չէի տեսել: Եվ միանալով բարեկամիս կարծիքին, ես այդ օրը գիշերը հանգիստ քնեցի այն հաստատ համոզումով, որ մենք ուժ ենք: Թեկուզ փոքր երկիր, փոքր ազգՙ ուժ ենք, հզոր ենք մեր ազգային հզոր բանակով: Ես հանգիստ քնեցի այն մտածումով, որ թող թշնամին անհանգիստ լինի: Ուստի այս առիթը օգտագործելով շնորհավորում եմ իմ բոլոր հայրենակիցներին, Հայոց հզոր բանակին եւ 30 տարիների բարեկամներին Անկախության 20-ամյակի առիթով ու կրկնումՙ հպարտ եմ որ հայ եմ, հպարտ եմ իմ Հայաստան հայրենիքով ու ազգային հզոր բանակով»:

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4