ՀՀ կառավարությունում հաստատելու պատրաստվող` «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թթ. կառավարման պլանը, որի գոտեւորման սխեման կազմված է այնքան անհեռատես եւ անտրամաբան ձեւով, հաստատ չի կարողանա ծառայել որպես պարկի տարածքի էկոհամակարգի պահպանության եւ կառավարման արդյունավետ գործիք: Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կայքէջի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել տեղի «Օրհուս» կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանը:
Եթե ուշադրություն դարձնենք արգելոցային գոտու տարածքին, նշել է Պետրոսյանը, ապա կտեսնենք, որ այնտեղ ընդգրկված են Դարին-Դարա արոտավայրային զանգվածի սահմանամերձ հատվածը, Քարախաչը եւ Եղնախաղի լեռնաշղթայի մի հատվածը, Արփի լճի կղզիները եւ Ախուրյան գետի հարակից տարածքի մի փոքր հատվածը: Դրանք, որոշ բացառություններով, այն տարածքներն են, որոնք առանց ազգային պարկի էլ պաշտպանված են եւ գրեթե պաշտպանության կարիք չունեն: Բուն Արփի լճի շուրջբոլորը տնտեսական գոտի է, անտառապատ հատվածները` ռեկրեացիոն գոտի եւ ահագին հատվածը պահպանման գոտի (նշված է այս բառով, որ մեզ թվա, թե կապ ունի պահպանության հետ, բայց ընդամենը նկատի ունեն բուֆերային գոտին, ասում է Գ. Պետրոսյանը): Բնապահպանի մտահոգությունը սրանից արած այն հետեւությունն է, որ վաղը «Արփի լիճ» ազգային պարկում կրկնվելու է Սեւանա լճի ափամերձ հատվածների կառուցապատման պատմությունը, որը հանգեցնելու է այս լճի էկոհամակարգի, պարկի տարածքում ներկայացված լանդշաֆտների, բուսաշխարհի ու կենդանական աշխարհի բազմազանության ոչ թե պահպանությանը, այլ քայքայմանն ու ոչնչացմանը:
«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման նպատակներից մեկը,- ի հավելումն ասաց մեզ Գյումրու բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» հասարակական կենտրոնի ղեկավարը,- տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումն է նաեւ, բայց դրա ստեղծման ընթացքն ու գործելակերպն այլ բան են ասում: Նույնիսկ ազգային պարկի գործունեությունն ապահովելու համար նախատեսված շինությունը կառուցվեց ոչ թե տարածաշրջանի որեւէ գյուղական համայնքում, այլ ընդհուպ Արփի լճի ափին, ինչը ոչ մի տրամաբանական բացատրության ենթակա չէ»:
Գ. Մ.