Վեցամսյա գործունեության ընթացքում ՄԻՊ գրասենյակը բանակի հետ կապված խնդիրներով 50 նամակ-դիմում է ստացել: Դրական լուծում ստացել է 26-ը: Նախորդ տարի խնդրի վերաբերյալ 30 նամակ էր ստացվել, որոնցից միայն 2-ին էր լուծում տրվել: 2005-ին օմբուդսմենի գրասենյակը ստացել է 62 դիմում: Եթե, օրինակ, 2007-ին բանակի վերաբերյալ 10 դիմում է ստացվել, ապա 2009-ին ստացվել է 51 դիմում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հավաստիացնում են, որ սա բանակում մարդու իրավունքների ոտնահարումների ամբողջական պատկերը չէ: Ձեւավորված վախի մթնոլորտի ու անտեղյակության պատճառով բազմաթիվ զինվորներ իրենց հետ կատարված օրինախախտումները չեն բարձրաձայնում: Բանակում վերջերս կատարվող իրադարձությունների, սպանությունների եւ ինքնասպանությունների վերաբերյալ կազմակերպված քննարկումների ժամանակ մասնագետները, որպես բանակում մթնոլորտը փոխելու եւ խնդիրները շտկելու ձեւ, բազմիցս շեշտեցին ռազմական օմբուդսմենի գրասենյակի անհրաժեշտությունը: Նրանց գնահատմամբ` ռազմական օմբուդսմենը կկարողանա վեր հանել բանակում առկա խնդիրներն ու օգնել այն զինվորներին, որոնց իրավունքները ոտնահարվում են զորամասերում:
ՄԻՊ ռազմական եւ զինծառայության հարցերով խորհրդական Ռուստամ Մահմուտյանը աշխատակազմում աշխատում է 8 տարի: Նրա մեկնաբանությամբ` իրավագիտակցությունն ու ձեւավորված վախի մթնոլորտը թույլ չեն տալիս զինվորներին դիմել համապատասխան մարմիններին եւ ահազանգել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին: «Անհրաժեշտ է ճեղքել այդ պատնեշը ու մեզ դիմելու հնարավորությունը մեծացնել»:
Ռազմական օմբուդսմենի գրասենյակի ստեղծման մասին խոսակցությունները նոր չեն: Գրասենյակի անհրաժեշտության վերաբերյալ բազաթիվ քննարկումներ են եղել, խորհրդարանական լսումներ, եվրոպացի տարբեր փորձագետներ են նման քննարկումներ կազմակերպել, սակայն, ըստ էության, բոլորն էլ զգում են, որ դա անիրատեսական է:
«Իրավական հարաբերությունները, սոցիալական միջավայրը շատ ավելի արդյունավետ կարող են լինել, եթե լինեն կոնկրետ մասնագիտացումներ: Եվրոպական երկրների օրինակով շատ լավ կլինի, որ ոչ միայն ռազմական, այլեւ կանանց եւ երեխաների համար նախատեսված օմբուդսմենի գրասենյակ գործի: Սակայն այսօրվա պայմաններում ռազմական օմբուդսմենի գրասենյակի հիմնումը անիրատեսական է», ասում է Մահմուտյանը:
Նա հավելում է, որ մասնագիտացված օմբուդսմենի գրասենյակի ստեղծումը պարունակում է ֆինանսական լուրջ խնդիրներ:
«Անհնար է նոր օմբուդսմենի գրասենյակ բացել` հաշվի առնելով երկրի ներկայիս տնտեսական ծանր վիճակը: Երբ պաշտպանի գրասենյակը նոր աշխատատեղերի բացման առաջարկությամբ դիմում է կառավարությանը եւ մերժում ստանում, անիրատեսական է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը: Դա կապված է ռեսուրսների բացակայության եւ ֆինանսական ճգնաժամի հետ»:
«Մինչեւ ռազմական օմբուդսմենի գրասենյակի հիմնումը լավ կլինի 5 հոգուց կազմված խումբ տալ պաշտպանի գրասենյակին, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ աշխատել: Խմբում ընդամենը 2 մասնագետ կա: 60 դիմումի պարագայում գուցե հնարավոր է 2 հոգով աշխատել, սակայն իրական պատկերը ստանալու համար մեզ անհրաժեշտ է խումբ, որ զօրուգիշեր զորամասերում աշխատի: Մեր` զորամասում գտնվելը ի նպաստ զինվորի կլիներ, եւ յուրաքանչյուր հրամանատար ու սպա քաջ կգիտակցեր, որ պետք է ձգվի»:
Մահմուտյանը պատմում է, որ բժշկական մասով բազմաթիվ խախտումների օրինակներ են հայտնաբերել: «Եղել է դեպք, երբ սրտի արատով հիվանդ զինվորին ասել են, որ նա պետք է անցնի ոչ շարային ծառայության, սակայն զորամասերից մեկում մարտական հերթապահություն է իրականացրել: Մեր միջնորդությամբ զինվորին ոչ մարտական հերթապահություն նշանակեցին: Սակայն հետագայում ծնողները հայտնեցին, որ երիտասարդը մասնակցում է ընդհանուր շարային ծառայության: Դիմեցինք նախարարությանը եւ նախարարի հրամանով զինծառայողին տեղափոխեցին մարտական հերթապահություն չիրականցնող զորամաս:
2009-ին զորակոչիկը բանակ էր եկել լաթիկներով, որովհետեւ չէր կարողանում կոշիկ հագնել. երակներն էին այտուցվել: Մեր միջնորդությամբ տարկետում նշանակվեց, որպեսզի տղային վիրահատեին: Խնդիրները բազմաթիվ են: Երիտասարդը հարթաթաթ է, բայց նրան տարել են բանակ: Զորամասում այցելությունների ժամանակ հայտնաբերել ենք, որ զինվորը 40 աստիճան ջերմությամբ նշանակվել է օրապահ», ասում է նա` հավելելով, որ իրականում մարդու իրավունքների խախտումներն ավելի շատ են: Ռազմական օմբուդսմենը կնպաստեր հարցի լուծմանը, սակայն դրա համար ֆինանսներ չկան: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանի մեկնաբանությամբՙ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ ներկայիս սահմանադրությունը թույլ չի տալիս հանրապետությունում երկու օմբուդսմենի գրասենյակ ունենալ:
«Այժմ պաշտպանության նախարարությունն ու մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համագործակցության ընդլայնման քննարկումներ են կազմակերպում, որոնց նպատակն է առավել սերտ համագործակցություն երկու գերատեսչությունների միջեւ: Ըստ Կարապետյանիՙ ներկա պայմաններում առավել նախընտրելի է զարգացնել ՄԻՊ-ի ռազմական խորհրդականի դերը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ