Ժորժ Ֆեստայի թարգմանությամբ «Մետիս-պրես» հրատարակչատունը Ֆրանսիայում ֆրանսերեն լեզվով լույս է ընծայել ամերիկահայ ճանաչված եւ մրցանակների արժանացած գրող Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությունը, որի առաջին անգլերեն հրատարակությունը 1997-ին համարվել էր «Տարվա ուշագրավ գրքերից մեկը»ՙ «Նյու Յորք թայմսի» կողմից, իսկ «Լոս Անջելես թայմսն» այդ ժամանակ գրել էր. «Նրբագեղ եւ հուզիչ ոճով (գրված վեպը) նկարագրում է Բալաքյանի զարգացումը, թե ինչպես նա վերահասու է դարձել իր ընտանիքի պատմության իրողություններին, ինչպես նաեւ մարդկության դեմ թուրքական կառավարության կողմից իրագործված վատթարագույն ոճիրներից մեկը թաքցնելու շարունակվող քարոզարշավի զարհուրելի հետեւանքներին: Իր ընտանիքի անցյալի գաղտնիքները երեւան հանելով եւ ներկայի վրա դրանց ազդեցությունը բացատրելով «Ճակատագրի սեւ շունը» նորովի իմաստավորում է ամերիկացի լինելու նշանակությունը»:
Բալաքյանն իր գրքի ֆրանսերեն թարգմանության առթիվ Ֆրանսիա է ժամանելու մասնակցելու Գրքի ազգային կենտրոնի հովանավորությամբ կազմակերպված «Հայաստան-Հայեր» փառատոնին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-21-ը: Բալաքյանից բացի փառատոնին մասնակցելու են նաեւ գրողներ Հայաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներից: Նրանք «Արեւելյան ճեպընթացով» շրջագայելու են Ֆրանսիայով եւ միջոցառումեր անցկացնելու Մարսելում, Ավինիոնում, Վալանսում, Լիոնում եւ Փարիզում:
Մարսելում հոկտեմբերի 16-ին «Պրադո» պողոտայում գտնվող կենտրոնում Բալաքյանը դասախոսություն է կարդալու եւ հատվածներ ընթերցելու հուշագրությունների իր մյուս «Հայկական Գողգոթա» գրքից, որը պատմում է 1920-ական թվերից մինչ իր մահըՙ 1934 թվականը Հարավային Ֆրանսիայի հայկական եկեղեցու առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի ոդիսականի մասին:
Այս մասին տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 1-ի համարը, նշելով, որ «Le Chien Noir Du Destin» ֆրանսերեն գիրքը կարելի է պատվիրել «www.metispresses.com» կայքից:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ