Ավելի քան հինգ հարյուր հետաքննող լրագրողների մասնակցությամբ Կիեւում երեկ մեկնարկեց Հետաքննող լրագրողների գլոբալ համաժողովը: Քառօրյա աշխատանքների ընթացքում բազմաթիվ ոլորտների առնչությամբ զեկուցումներ ու ներկայացումներ են նախատեսված այնպիսի մասնագետների մասնակցությամբ, որոնք ինչպես հայտնի, այնպես էլ ոչ ճանաչված կամ լայն տարածում ունեցող լրատվամիջոցներ են ներկայացնում:
Համաժողովի նպատակն ամենից առաջ անդրադարձն է հետաքննական լրագրության ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներին, երբ, մի կողմից, հետաքննություններն օգնում են բացահայտելու ոչ հաճելի ու գաղտնի պահվող ճշմարտությունը, մյուս կողմից` բազմաթիվ խոչընդոտների բախվելու արդյունքում լրագրողական վարքագծի բացասական կողմերը ազդում են հետաքննություն ընդհանրապես սկսելու ցանկության վրա:
Համաժողովում, որ հովանավորում են բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում` Բաց հասարակության հիմնադրամը, Ինտերնյուս ցանցը, ԱՄՆ զարգացման գործակալությունը, Լրագրողների միջազգային աջակցության հաստատությունը, դանիական «ՍԿՈՒՊ» հիմնադրամը եւ այլն, առաջին անգամ փորձ է արվում համակարգային մոտեցմամբ լուծել լագրողների միջեւ կապեր հաստատելու հարցը:
Այս ամենի տրամաբանությունն այն է, որ լրագրողական հետաքննությունները վաղուց անցել են վերսահմանային համագործակցության միջոցով իրականացվելուն, քանի որ հետաքննության նյութը եւս դադարել է տեղական մակարդակով սահմանափակված լինելուց:
Համաժողովն ինքը դանիացի եւ ուկրաինացի լրագրողների միջազգային նախագիծ է, որի նպատակներից մեկն էլ այն ժամանակակից մեթոդներին ծանոթացումն է, որոնց միջոցով հնարավոր է լուծել հետաքննող լրագրողների առջեւ ծառացող խնդիրները` ֆինանսական ապահովման ռեսուրսների ու աշխատանքը տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս հնարավորությունների օգտագործմամբ իրականացնելու առումով: Ավելի քան քառասուն լրագրողներ, այդ թվում` նաեւ Հայաստանից, համաժողովի ընթացքում կներկայացնեն իրենց աշխատանքներն ու հետաքննական լրագրության հայաստանյան դժվարությունները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կիեւ