«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2011-10-12 | #182, 2011-10-13 | #183, 2011-10-14


ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉՈՒՀԻ ԼԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ (ԴԱԼԻԱ) «ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Դալիան ավարտել է Երեւանի պետական համալսարանի արվեստաբանության ֆակուլտետը եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Այժմ աշխատում է ՀՀ կառավարության աշխատակազմում:

Նկարել սկսել է մանկուց: 2006 թ-ին ծանոթացել է հայ անվանի նկարչուհի Պարուհի Թեբելիկյանի հետ եւ երեք տարի աշխատել նրա արվեստանոցում: Պետք է նշել, որ Թեբելիկյանը, որ երկար ժամանակ նկարչություն էր դասավանդել ուսումնական տարբեր հաստատություններում, չափազանց գոհ էր իր աշակերտուհուց եւ հաճախ էր խոսում նրա աշխատասիրության, գունային զգացողության եւ արտակարգ ընդունակությունների մասին:

Սա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Առաջինը բացվեց 2009 թ-ին Նարեկացի արվեստի միությունում: Իր առաջին ցուցահանդեսը Լիանան նվիրել էր ուսուցչուհու հիշատակին:

Լիանան հոգով արվեստագետ է: Բնությունը նրան օժտել է գեղանկարչին բնորոշ հատկանիշներով եւ նկարչությունը դարձել է նրա ամենասիրելի զբաղմումքը:

Շուրջ 37 աշխատանք է ներկայացրել Լիանա Դանիելյանը: Դրանք դիմանկարներ են, բնանկարներ, նատյուրմորտներ, որոնք բոլորն էլ ներքին տրամադրությունների, ապրումների արտահայտություններ են, կատարված գունային վառ լուծումներով: Նկարչուհին կարողանում է տեսնել գեղեցիկը եւ իր տեսածը փոխանցել կտավին:

Աշխատասեր, հետեւողական, իր գործին նվիրված անձնավորություն է Լիանան եւ վստահորեն գնում է իր նպատակի ետեւից, շարունակ ձգտելով կատարելագործել իր բնատուր շնորհքը:

Խիստ նպատակաուղղվածություն, պատասխանատվության զգացում, անմնացորդ նվիրում ընտրած ճանապարհին - ահա սրանք են նկարչուհու արվեստին բնորոշ գծերը:

Լիանան լի է ստեղծագործական ավյունով ու բազմազան մտահղացումներով: Կարծում եմ, որ նրա արվեստը դեռ կնշանավորվի նոր ձեռքբերումներով:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4