Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման դեմ բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Այս մասին Ադրբեջանին, նաեւ կարելի է ասել, բոլորին հիշեցում է արված հոկտեմբերի 13-ին որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություն ՄԱԿ-ում տարածված Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ` ԼՂ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ:
Հայտարարությունը տարածելու խնդրանքով կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նախապես գրավոր դիմել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը` նշելով, որ ինքնակառավարման մարմինների գոյությունը բացարձակ անհրաժեշտություն է որեւէ հասարակության, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:
Նազարյանն ընդգծել է, որ արդեն 5-րդ անգամ անցկացված ընտրությունները ԼՂ-ում վերածվել են ժողովրդավարական գործընթացի, ինչը, ցավոք, դեռեւս անընդունելի է Ադրբեջանի համար, «քանի որ այդ երկրում, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, ՏԻՄ ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»:
ՄԱԿ-ի պաշտոնական գրությունում ներառված Արցախի ԱԳՆ հայտարարությամբ շեշտվում է Հարավային Կովկասը բաց ու ժողովրդավարական տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներին կառուցողական ու հետեւողական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Ա. Հ.