Ինչպես մամուլից հայտնի դարձավ, իրեն ՀՌԱԿ ատենապետ հորջորջող Հարութ Առաքելյանը 2-րդ անգամ միեւնույն համագումարն է հրավիրում` 19-րդի 2-րդ մասը: Այն, որ այդ կուսակցությունը Հարութը դեռ իր ատենապետության օրոք կլոունադայի էր վերածել, հայտնի փաստ է: Իսկ հիմա էլ հայտնի է դառնում, որ Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան մարմինը 2-րդ անգամ է նրան մերժում գրանցել որպես ՀՌԱԿ ատենապետի, խորհուրդ տալով` «եթե վեճ ունես, փորձիր լուծել դատարանի միջոցով»: 2-րդ անգամ հրավիրելով միեւնույն համագումարը, վերջիններս փաստորեն խոստովանում են, որ նախկինում իրենց արած բոլոր քայլերը, այդ թվումՙ գործող ատենապետ Էդուարդ Անտինյանի հեռացումը եւ այլն, չեն համապատասխանում ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլեւ հենց ՀՌԱԿ կանոնադրությանը: Կարող ենք փաստել, որ հետեւաբար անօրինական էին նաեւ ՌԱԿ ատենապետ Մայք Խարաբյանի ողջույնի ու նմանատիպ այլ նամակները եւ հեռագրերը, վերջիններս աջակցել են Հայաստանի օրենքները խախտողներին: Այստեղ, իհարկե, զարմանալ կարելի է, որ Մ. Խարաբյանը աջակցում է մեկին, որը անօրինական կերպով վաճառել է ՀՌԱԿ-ի գույքը, ինչի առիթով արդեն իսկ քրեական նախաքննություն է սկսված: Հետաքրքրական է, թե այս հերթական համագումար-խեղկատակության ժամանակ Հարութն ի՞նչ է անելու` հավանաբար պետք է Անտինյանին նորից վերականգնի կուսակցության շարքերը ու ընտրի ատենապետ, որ հետո կարողանա նորից հեռացնել: Ինչեւէ, այս ամենը շատ զավեշտալի կլիներ, եթե խոսք գնար, ասենք ինչ-որ մեկի անձնական կուսակցության մասին, այլ ոչ թե ռամկավար անունը կրող կուսակցության, որը նույնիսկ չհիշեց ՌԱԿ 90-ամյակը եւ չմասնակցեց դրա տոնակատարություններին, որը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում Արմենական-ՌԱԿ-ի կազմակերպմամբ:
Ինչեւէ, արդեն ձանձրալի դարձող այս խեղկատակության հերթական արարը նույնպես կատարվում է Հայաստանում կուսակցությունների մասին օրենքի խախտումներով, եւ սպասել, որ այդ մարդկանց մոտ, որոնք իրենց կուսակցություն են հորջորջում, ինչ-որ բան կփոխվի, անիմաստ է:
Ռ. Ա.