Երեւանում մեկնարկեց տելեբժշկությանն ու Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված Առաջին հայկական միջազգային «ԱՐՄՏԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագան» կոնգրեսը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 16-ը ներառյալ: Կոնգրեսի կազմակերպիչներն են Տելեբժշկության հայկական ասոցիացիան (ՏԲՀԱ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ, UITE), Տելեբժշկության եւ Է-առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH) եւ Ամերիկյան տելեբժշկական ասոցիացիայի (ATA) հետ պաշտոնական գործընկերության ձեւաչափում: Կոնգրեսի գլխավոր հովանավորն է Orange-ը:
Տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը արմատականորեն փոխել է առողջապահական ծառայությունների մատուցումը, եւ շատ մասնագետների այսօր խոսում են «առողջապահական հեղափոխության» մասին: Կոնգրեսի օրակարգում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխարհում եղած փորձն այս ոլորտում, դրա հնարավոր կիրառումը Հայաստանում, ոլորտի մարտահրավերներն ու հիմնախնդիրները:
«Մեր խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է ծառայեցնել մեր տեխնոլոգիաները հանրային օգուտին, ներառյալ` առողջապահական ծրագրերին: Այս համաժողովին մենք մասնակցում ենք ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, այլ նաեւ մեր միջազգային փորձով: Մենք հրավիրել ենք Ֆրանս Տելեկոմի` e-առողջության լավագույն մասնագետներից մեկին` Պատրիս Քրիստոֆինիին, որը զեկույցով է հանդես գալու եւ փորձելու է փոխանցել բազմաթիվ երկրներում ձեռք բերված մեր փորձը», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Կոնգրեսը կտեւի երկու օր, որի ընթացքում տեղի կունենան պլենար եւ գիտական նիստեր, փորձագիտական քննարկումներ եւ կլոր սեղաններ, կկարդացվեն հիմնարար դասախոսություններ տելեառողջապահության եւ հարակից ոլորտների համաշխարհային ճանաչում առնվազն տասնհինգ փորձագետների կողմից: Նախատեսվում են նաեւ կրթական ուղղվածության միջոցառումներ (Տելեառողջապահության միջազգային դպրոցի սեմինար), եւ, վերջապես, հայրենական եւ միջազգային ձեռնարկությունների ցուցահանդես:
Իրադարձությանն իր տեսակի մեջ առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում:
Մանրամասների համար խնդրում ենք այցելել. http://congress.armtelemed.org/