Վլադիմիր Անդրանիկի Ասատրյան. 19 տարեկան: Հոկտեմբերի 9-ին զորամասում պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել:
Յուրիկ Գեւորգի Ներսիսյան. 19 տարեկան: Մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել:
Արամ Աշոտի Մելքոնյան. 21 տարեկան: Զենքը մաքրելիս խախտել է անվտանգության կանոններն ու անզգուշությամբ կրակել. որովայնի շրջանում ստացած վնասվածքը մահացու էր:
Վերոնշյալ երեք պատահարները գրանցվել են վերջին 5 օրվա ընթացքում: ՊՆ քննչական ծառայությունը զինծառայողների մահվան առթիվ քրեական գործեր է հարուցել ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այս տարի բանակում գրանցվել է մահվան 30 դեպք, որից միայն 9 է թշնամու գնդակից: Աղասի Աբրահամյան, Հայկ Մկրտչյան: Այս ժամկետային զինծառայողները զոհվել են մեկ ամիս առաջ` սպայի ծեծի, անտարբերության ու զինակցի փամփուշտի հետեւանքով: Հովհաննես Վարդանյանն էլ մի քանի ամիս բանակում ծառայելուց հետո հայտնվեց Նորքի հոգեբուժարանում` շիզոֆրենիա հիվանդության ախտորոշմամբ:
Թեպետ ՊՆ քննչական ծառայությունն ու զինվորական դատախազը յուրաքանչյուր մահվան դեպքից հետո հավաստիացնում են, որ սպանությունները բացահայտվելու են, մեղավորները` պատժվելու, սակայն զինվորներին սպանած կամ ինքնասպանության դրդած որեւէ հրամանատար կամ սպա չի ձերբակալվել:
Երեկ սեւազգեստ մայրերը նախագահի նստավայրի դիմաց էին` պետության գլխավոր հրամանատարից պահանջում էին ընդունելություն: «Ասում են` քո որդին դժբախտ պատահարի զոհ է, էլեկտրահարվել է: Բա որ էլեկտրահարվել է, ինչո՞ւ են նրա ձեռքերն ու ոտքերը պատռված, դեմքը` կապտած», լացելով բղավում էր Տիգրան Օհանջանյանի մայրն ու ցույց տալիս անկախ փորձագիտական խմբի կատարած լուսանկարները: Նա պատմում է, որ քննիչները գործը սխալ ուղղությամբ են տանում: «Ֆելդշերը ասել է, որ ինքը որդուս պատառոտված շորերը հանել է եւ ուղարկել քննիչին որպես ապացույց, բայց քննիչը նոր հագուստ է ներկայացրել: Նա լկտիաբար ասում է, որ պատառոտված հագուստը Տիգրան Օհանջանյանինը չէր»:
Վալերիկ Մուրադյանը զոհվել է 2010-ի մարտին: Մոր խոսքերովՙ որդին պատահաբար տեսել է, թե ինչպես է բարձրաստիճան սպան զորամասից բենզին գողացել: Վերջին հեռախոսազրույցի ժամանակ որդին մորը պատմել է այդ մասին: Մի քանի օր անց մայրը ստացել է որդու դիակը: «Ի՞նչ է արել իմ որդին, որ նրան այդպես հոշոտել են: Ինչի՞ համար: Ուզում եմ վերջին մայրը լինել, ում որդուն սպանում են խաղաղ պայմաններում: Երանի իմ որդուն թուրքը սպանած լիներ, գոնե կասեի հայրենիքի սահմանը պաշտպանելիս է զոհվել», ասում էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:
Բաղրամյան 26 հասցե եկած ՊՆ ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը մայրերին առաջարկեց միասին գնալ ռազմական ոստիկանության վարչություն` մասնակցելու կոլեգիալ նիստին:
Թե ինչու ծնողներին նախապես չեն տեղեկացել քննարկման մասինՙ Ղուկասյանն ասաց, որ կոլեգիալ նիստը որոշվել էր դեռեւս մեկ ամիս առաջ, իսկ ծնողներին զգուշացրել են առավոտյան: Զոհված զինծառայողների մայրերը «Ազգ»-ին ասացին, որ ռազմական ոստիկանությունից զանգ ստացել են առավոտյան ժամը 12-ին: Ծնողների գնահատմամբ` եթե նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա չկազմակերպեին, կոլեգիալ նիստի չէին հրավիրի: «Մեր որդիներին սպանել են, ու արդեն 4-5 տարի վազում ենք քննիչների հետեւից, որպեսզի ճշմարտությունը բացահայտեն: Մեզ պետք է նախապես զգուշացնեին, որպեսզի մենք փաստաբանների հետ մասնակցեինք կոլեգիալ նիստին: Սակայն դա ոչ մի օգուտ էլ չի տա: Քանի անգամ ենք մասնակցել քննարկումների, հանդիպել քննիչներին, բայց նրանք ոչ մի բան էլ չեն ասում: Պահանջում ենք նախագահից, որ պատժի մեղավոր բոլոր հրամանատարներին ու գործի քննությունը սխալ ուղղությամբ տարած քննիչներին», ասացին մայրերը:
Այնուամենայնիվ, երեկ զոհված զինվորների ծնողները հանդիպեցին ՊՆ փոխնախարար Վլադիմիր Պետրոսյանի հետ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ