Երեկ կայացավ «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպման վերախաղարկումը: Խաղասկզբում Նորայր Գյոզալյանի խփած 2 գոլերի շնորհիվ «Իմպուլսն» առջեւում էր: Հետագայում փյունիկցիներ Ղուկաս Պողոսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը վերականգնեցին հավասարակշռությունը:
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 3 խաղով որակազրկել է Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիին, որը Չեռնոգորիայի հետ ընտրական մրցախաղում դաշտից հեռացվել էր: Այսպիսով, Ռունին կզրկվի Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի խմբային մրցաշարի բոլոր 3 հանդիպումներին մասնակցելու իրավունքից:
Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղի 73-րդ րոպեին պաշտպան Միոդրագ Ջուդովիչի հետ մենամարտում զիջելով վերջինիս, Ռունին հարվածեց մրցակցի ոտքին ու անմիջապես հեռացվեց դաշտից: Այդ արարքը հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հիմարություն է համարել Ռունիի կողմից:
Հետաքրքրական է, որ Ջուդովիչը բնավ էլ չի մեղադրում Ռունիին այդ միջադեպի համար: Նա նշել է, որ Ռունին անմիջապես ներողություն է խնդրել իրենից, իսկ կարմիր քարտը տեսնելով, առանց վիճաբանության, թողել է խաղադաշտը: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան 3 օրվա ընթացքում կարող է բողոքարկել ՈՒԵՖԱ-ի վճիռը: