ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Անցած օրերի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հարցազրույցներ տվեցին միջազգային լրատվամիջոցների: Հայաստանի նախագահի զրուցակիցը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» ամսագիրն էր, իսկ Իլհամ Ալիեւը զրուցել է «Ալ Ջազիրա»-ի հետ: Երկու նախագահներն էլ անդրադարձել են երկրների ներքին իրավիճակին, ժողովրդավարական բարեփոխումներին, ռազմական ու տնտեսական ներուժին, ինչպես նաեւ, իհարկե, ԼՂ հիմնահարցին:
Մեծագույն արժեքը
«Մեր պետական մարմինների` զինված ուժերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձեւավորումը մեր անկախության ամենաառանցքային ձեռքբերումն է ու ապագայում հայկական պետականության ամրապնդման գրավականը», հայտարարել է Սերժ Սարգսյանը: Իսկ Ադրբեջանի նախագահի համար կարեւորագույն արժեքը իր երկրում այն է, որ «ադրբեջանցի ժողովուրդը այլեւս անկախ ու ազատ է: Ադրբեջանում այսօր ժողովրդավարական համակարգ է», ընդգծել է Իլհամ Ալիեւը: Այնուհետեւ Ադրբեջանի առաջնորդը, շեշտելով, որ իր երկիրը Եվրոպայի խորհրդի անդամ է, նշում է, թե «որքան համահունչ է Բաքվի արտաքին ու ներքին քաղաքականությունը եվրոպական արժեհամակարգին, այն է` «մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն». «Մենք հոժարակամ անդամակցում են նաեւ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրին»: Իհարկե, Իլհամ Ալիեւը «մոռացել» է նշել նաեւ, որ Վարշավայում օրերս կայացած «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների նախագահների գագաթաժողովում` Ադրբեջանում տիրող ժողովրդավարության ու մարդու իրավունքների առկա վիճակը համեմատվեց նույն ծրագրից «դուրս հրավիրված» Բելառուսի հետ: Կոնկրետ մարդու իրավունքները «հարգող» Իլհամ Ալիեւը նույն հարցազրույցի վերջում պիտի խոստովանի, որ «փոքր-ինչ նյարդայնանում է» եվրոպական տարբեր ատյանների գնահատականներից` կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ. «Եթե անկեղծ լինեմ, ապա մենք այդ գնահատականները արհամարհում ենք, սակայն մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք այդ գնահատականները», ասել է Իլհամ Ալիեւը` առանց մանրամասնելու, թե արդյո՞ք ամեն «արհամարած գնահատական» Բաքուն «քննարկում է իր գործընկերների հետ»: Այնուհետեւ Ադրբեջանի առաջնորդը բողոքում է, թե ինչո՞ւ Եվրոպայում Հարավային Կովկասի ժողովրդավարական պատկերին չեն տալիս ընդհանուր գնահատական, այլ միայն «կշտամբում են Ադրբեջանին»: «Պատճառն ակնհայտ է, որովհետեւ եվրոպական երկրներում ուժեղ գործունեություն է ծավալում հայկական լոբբին», պարզաբանում է Իլհամ Ալիեւը: Բացի սրանից` Ադրբեջանի նախագահը Եվրոպայում Բաքվին «չսիրելու» համար տալիս է մեկ այլ պատճառ եւս. «Մենք բոլորս գիտենք, որ շատ երկրներ տառապում են իսլամոֆոբիայով, եւ սա անդրադառնում է նրանց ընդունած որոշ որոշումների վրա», ասել է Ալիեւը` ակնհայտորեն սրտնեղվելով Ֆրանսիայի նախագահից, որին վերջին օրերին ընդունեց Բաքվում:
Իր հերթին Հայաստանի նախագահը ընդգծում է. «Մենք հիանալի կերպով համատեղում ենք մեր անդամությունը ԱՊՀ-ին ու Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին ու Սեւծովյան տնտեսական համագործակցությանը: Համագործակցում ենք ԵՄ-ի հետ, որը մեզ աջակցում է մեր երկրում արմատական բարեփոխումների անցկացմանն ու եվրոինտեգրմանը»: Եթե ընդհանրացնենք, ապա Հայաստանի նախագահը շեշտում է ԵՄ-ի օգնությամբ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, մինչդեռ Ադրբեջանի նախագահը սրտնեղում է ԵՄ-ի գնահատականներից, թերեւս` առանց մեկնաբանությունների:
ԼՂ հիմնահարց
Միանգամից նշենք Իլհամ Ալիեւի պարադոքսալ հայտարարությունը «Ալ Ջազիրա»-ին այս կապակցությամբ: Նախ Ալիեւը շեշտում է «մեկ միլիոն փախստականների մասին», այնուհետեւ ընդգծում, որ Ղարաբաղը` ինչպես անվանմամբ, այնպես էլ պատմականորեն ու իրավաբանորեն «ադրբեջանական տարածք է», խոսում է ՄԱԿ-ի «չորս բանաձեւերի մասին», ապա խոստանալով ԼՂ-ին տրամադրել «Եվրոպայում օրինակն ունեցող բարձր ինքնավարական կարգավիճակ», ասում. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կենտրոնում է գտնվում, որի բնակչության 30 տոկոսը կազմել են էթնիկ ադրբեջանցիներ: Հենց այս պատճառով մենք իրավունք ունենք վերականգնելու մեր տարածքային ամբողջականությունը: Սակայն մենք դա ցանկանում ենք անել խաղաղ ճանապարհով: Կարելի է ասել, որ միջազգային միջնորդները արդեն քսան տարի ապարդյուն զբաղվում են այս հարցով»: Նախ` պատմագիտության թեկանծու Իլհամ Ալիեւը չգիտի՞ աշխարհագրություն` «ԼՂ-ն տեսնելով Ադրբեջանի կենտրոնում», բացի սրանից, եթե Ղարաբաղում «էթնիկ ադրբեջանցիները» կազմել են ընդամենը 30 տոկոս (ընդ որում Ալիեւը նկատի ունի նաեւ ԼՂ-ի շրջակա տարածքների ադրբեջանցիներին), ապա ո՞ւր է ապացույցը, որ սա ադրբեջանական տարածք է, եւ չի՞ ապացուցվում արդյոք, որ ԼՂԻՄ բնակչության մեծամասնությունն է հենց որոշել ԼՂԻՄ հետագա ճակատագիրը` համաձայն ԽՍՀՄ օրենսդրությանը անցկացված հանրաքվեի: Եվ վերջապես, երբ Մինսկի խմբի առաքելությունը Ադրբեջանի նախագահից անձամբ որակվում է «ապարդյուն», չի՞ նշանակում սա, որ Բաքուն կողմնակից չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտ կողմերին բազմիցս արած առաջարկություններին: Իսկ Հայաստանի նախագահը այս կապակցությամբ նշել է. «Հայաստանը տարածաշրջանում առկա տարաձայնությունները հաղթահարելու իր կառուցողականությունն ու նպատակասլացությունը բազմիցս է դրսեւորել: Նա նաեւ մեր միջազգային գործըներներն են ընդունում (հատկանշական է` Ալիեւը նման խոսքեր` Մինսկի խմբի հասցեին չի շռայլում-Հ. Ա.): Սա լավագույնս ի ցույց դրվեց այս տարվա հունիսին Կազանում, սակայն, ցավոք սրտի անհրաժեշտ արդյունքի հասնել չհաջողվեց Ադրբեջանի դիրքրոշման պատճառով»: Այնուհետեւ ՀՀ նախագահը, շեշտելով, որ ուժի չկիրառման տեսանկյունից հատուկ կարեւորություն ունի ՀՀ պաշտպանական հնարավորությունների զարգացումը, ինչը հրադադարի ռեժիմի 17-ամյա պահպանության վկայությունն է, նշել է. «Մենք հավատում ենք տարածաշրջանային խաղաղ համագործակցության ու տնտեսական փոխգործակցության ներուժին եւ պատրաստ ենք աջակցել տարածաշրջանի ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդմանը, լարվածության թոթափմանն ուղղված որեւէ նախաձեռնություն»: «Ալ Ջազիրա»-ի մեկնաբանը նման հավաստիացումներ Իլհամ Ալիեւից չի լսել, փոխարենը` «Չնայած 1994-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին` խաղաղություն չկա: Հետեւաբար ոչ ոք չի կարող բացառել ինչ-որ սցենարներ շփման գծում: Այս առումով բոլորի, այդ թվումՙ առաջին հերթին Հայաստանի համար, լավ կլինի, որ հակամարտություն որքան հնարավոր է շուտ լուծվի», հայտարարել է Ալիեւը: Այստեղ ուշագրավ է մեկ այլ նրբություն. Բաքուն մշտապես մեղադրում էր Երեւանին` «հակամարտության լուծումը ձգձգելու մեջ», ընդգծելով, որ «Հայաստանին ձեռնտու է ստատուս քվոյի» պահպանումը, մինչդեռ, համաձայն Իլհամ Ալիեւի խոսքերի` «Հայաստանին առաջին հերթին է անհրաժեշտ խնդրի շուտափույթ լուծումը», դատելով նույն տրամաբանությամբ` խնդրի լուծումը ձգձգում է այն կողմը, որի համար «շուտափույթ լուծումը» երկրորդական է:
Ի՞նչ է անհրաժեշտ ՀԱՊԿ-ին
Ադրբեջանի նախագահի մնացյալ խոսքերը պակաս հետաքրքրություն են ներկայացնում, հետեւաբար չանդրադառնանք դրանց: Նշենք միայն, Ալիեւի ողջ հարցազրույցը կարելի է կարդալ ինչպես իր, այնպես էլ «էլի իր»` 1news.az կայքում: Իսկ մենք անդրադառնանք նախագահ Սարգսյանի դիտարկումներին` կապված ՀԱԿՊ-ի առաջնահերթություններ հետ: Ընդգծելով, որ «մեծ մտահոգություն է առաջացնում ՀԱՊԿ գործողության տարածքի անմիջական հարեւանությամբ կուտակվող լարվածությունը», նախագահը շեշտել է. «Անհրաժեշտ է բարձրացնել դիրքորոշումների համաձայնեցման մակարդակը անվտանգության տարբեր հարցերի շուրջը, համակարգել մեր գործողությունները` տարբեր մակարդակներում: Անհրաժեշտ է նաեւ շարունակել աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման ուղղությամբ: Պետք է նաեւ ագրեսիայի ակտի կիրառման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների ռազմատեխնիկական օժանդակության մասին արձանագրության համաձայն` ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու համար ներպետական մեխանիզմներ ձեւավորել: Եվ վերջապես` անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ՀԱՊԿ անդամ երկրների ռազմա-արդյունաբերական համալիրների համակողմանի ինտեգրման համար»: Վերջում նշենք միայն, որ նախագահի հարցազրույցը` «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» ամսագրին, վերնագրված է` «Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքները»: