«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2011-10-14 | #184, 2011-10-15 | #185, 2011-10-18


«ԴՐՍԻ ՀԱՑԸ ԴԱՌԸ ՀԱՑ Է»

Ավելի շա՞տ անօրինական միգրանտներ են սկսել վերադառնալ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

«Վերջին 25 տարիներից 15-ը Հայաստանից դուրս եմ ապրել: Աշխատել եմ Ասիայում, Եվրոպայում: Ինչպես ասում են, մաշկիս վրա եմ զգացել պանդխտության ողջ դառնությունը: Շատ նախկին հայաստանցիների եմ հանդիպել, որոնց թվում կան նաեւ ունեւորներ: Ունեւոր են, բայց երջանիկ` դժվար թե, քանզի, ըստ իս, հայաստանցին իրապես երջանիկ կարող է լինել միմիայն իր հայրենիքում` Հայքում»:

Սրանք տողեր են երեւանցի հիսունվեցամյա Նորայր Շահբազյանի տպագիր օրագրից, որը նա վերնագրել է «Հուշեր եվրոխոպանից», այդտեղ ներկայացնելով իր աշխատանքային ոդիսականը: Նա Չեխիայում աշխատել, ապա նաեւ իր «գործն» է ունեցել, բայց ի վերջո վերադարձել է` այլեւս երբեք հայրենիքը չլքելու հաստատ մտադրությամբ: «Այսօր, երբ շատ կազմակերպություններ հրապուրում են արտասահմանում աշխատանքի գունագեղ հեռանկարներով ու մեր ճարահատյալ հայրենակիցներին հավաքագրում օտար երկիրը շենացնելու, ես ցավ եմ ապրում հայաթափվող Հայաստանիս համար, իմ անտեղյակ հայրենակցի համար, որ հաճախ չգիտե էլ, թե ուր է գնում, ինչ է սպասում իրեն այդ բաղձալի հեռուներում»,- գրում է հեղինակը, ցանկանալով սեփական կենսափորձի ճշմարտացի շարադրմամբ օգնել մարդկանց, ովքեր կանգնած են ճակատագրական վճիռ կայացնելու շեմին, ինչպես ինքը տարիներ առաջ:

Նորայր Շահբազյանը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Միգրացիա եւ զարգացում» ծրագրի շահառուներից մեկն է: Մասնակցելով վերջինիս շրջանակներում անցած շաբաթվա վերջին Գյումրիում կազմակերպված մամուլի ասուլիսին, որի նպատակն էր հասարակության ուշադրությունն ուղղել անօրինական արտագաղթի հետ կապված հիմնախնդիրներին, նա իր փորձից բխեցրած հիմնական ասելիքը դիպուկ ձեւակերպեց երկու բառով` դրսի հացը դառը հաց է...

Լիխտենշտեյնի կառավարության եւ ավստրիական «Կարիտասի» կողմից ֆինանսավորվող, 2010 թվականից իրականացվող նշված եռամյա ծրագիրը կոչված է նպաստելու Եվրոպական միության երկրներից Հայաստան կամավոր վերադարձողների վերաինտեգրմանը: Հայաստանում կան ուրիշ կազմակերպություններ եւս, որոնք նման հարցերով զբաղվում են, իսկ «Հայկական Կարիտասն» այս կարգի ծրագրեր իրականացնում է 2006 թվականից: Այդ ժամանակվանից առ այսօր կազմակերպությունը տարբեր կարգի ուղիղ աջակցություն է ցուցաբերել 310, այդ թվում ներկա ծրագրով` 119 անձի:

«Շատ մարդիկ, որոնք անօրինական կարգավիճակում են այնտեղ, ստիպված են հետ վերադառնալ,- ասուլիսի ժամանակ նշեց «Միգրացիա եւ զարգացում» ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանը: - Այսօրվա մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանց թիվը շատացել է, համենայն դեպս` այն երկրներից, որոնց հետ մենք աշխատում ենք: Օրինակՙ Բելգիայից եթե անցած տարիներին ունեցել ենք, ասենք, 16 դեպք, 2009 թվականին` նույնիսկ 9 դեպք, ապա 2011 թվականին արդեն 26 դեպք ունենք: Վերադարձողներ ունենք նաեւ Ավստրիայից, Շվեդիայից, Հունաստանից, Գերմանիայից, Բուլղարիայից»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4