«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2011-10-14 | #184, 2011-10-15 | #185, 2011-10-18


ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեին:

Երկկողմ քննարկմանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչների եւ Լեհաստանի պատվիրակության մասնակցությամբ:

Կարեւոր ձեռքբերում համարելով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի աշխատակազմերի միջեւ ուղիղ կապի ստեղծումը եւ տեղեկատվության պարբերական փոխանակությունները` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը փաստել է, որ նախորդ տարվա հանդիպումները Լեհաստանի Հանրապետությունում արդյունավետ երկխոսության սկիզբ հանդիսացան: Որպես փոխշահավետ համագործակցության արդյունք ԱԱԽ քարտուղարն այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից առանձնացրել է երկու երկրների պաշտպանության եւ ոստիկանության կառույցների միջեւ կնքված համագործակցության համաձայնագրերը, Հայաստանում բիոմետրիկ անձնագրերի ներդրման, ինչպես նաեւ թունաքիմիկատների վերամշակման ծրագրերում Լեհաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ: Մասնավորապես, որոշվել է շարունակել միջպետական պայմանագրերի իրականացման գործընթացի պարբերական մոնիտորինգների փոխանակությունները: Այս համատեքստում քննարկվել է հաջորդ տարի պայմանագրերի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց մասնակցությամբ հայ-լեհական երկկողմ կոնֆերանսի կազմակերպման հարցը, որտեղ կներկայացվեն պայմանագրերի իրականացման արդյունքները եւ կնախանշվեն հայ-լեհական համագործակցության օրակարգի նոր ուղղությունները:

Կողմերի համաձայնությամբ կձեւավորվի նաեւ ԵՄ-ի հետ ինտեգրման եւ Արեւելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ համագործակցության օրակարգը, որտեղ կնախանշվեն Հայաստանում ԵՄ-ի չափորոշիչներին ներդաշնակ բարեփոխումների գործընթացում Լեհաստանի աջակցության հնարավոր մեխանիզմները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4