«Ֆրանսիան ձեր կողքին է», ՄԱԱ-ում կրկնելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքերըՙ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հավաստիացնում է` հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ջերմ են, բարեկամական, իսկ այդ եղբայրական հարաբերությունն առավել ամրապնդվեց նախագահներ Սարգսյանի եւ Սարկոզիի փոխադարձ այցելություններից հետո:
Դեսպանն ընդգծում է, որ Ֆրանսիան Արեւմտյան Եվրոպայի թիվ մեկ ներդնողն է Հայաստանում եւ ժամանակի ընթացքում այդ կարգավիճակն ավելի է ամրապնդում: Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում այսօր թերանում է միայն ազատ առեւտուրը, որը կլուծվի անցագրային ռեժիմի դյուրացմամբ: Մեկնաբանելով Երեւանում հնչած նախագահ Սարկոզիի ուղերձը ուղղված Թուրքիային` առերեսվելու սեփական պատմությանն ու ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, դեսպանը այն բնութագրում է հատուկ ընդգծված եւ երկարաժամկետ նշանակության:
Ասուլիսի ընթացքում «Ազգ» օրաթերթը ստիպված եղավ երկու անգամ կրկնել հարցը, թե ինչպե՞ս է պաշտոնական Փարիզը գնահատում նախագահ Սարկոզիի հասցեին Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչած քննադատությունն ու վիրավորական արտահայտությունները: Երկու անգամ էլ դեսպանը դիվանագիտորեն խուսափեց հարցի պատասխանից` հավելելով միայն, որ երեւանյան ելույթը հիմնված էր Սարկոզիի խոր համոզմունքի վրա: Ֆրանսիայում համոզված են, որ խաղաղություն եւ հաշտեցում չի կարող լինել, եթե չես նայում պատմության երեսին: «Եթե Թուրքիան այդ քայլը կատարի, ավելի կհզորանա»: «Ազգ»-ի մյուս հարցին` «Շարունակո՞ւմ է Ֆրանսիան պնդել, որ Եվրոմիությունում տեղ չկա Թուրքիայի համար, եւ ինչպիսի՞ փոփոխություններ պետք է լինեն Թուրքիայում, որ Ֆրանսիան փոխի իր կարծիքը», դեսպանի պատասխանը խիստ դիվանագիտական էր. «Թուրքիան Ֆրանսիայի բարեկամն ու դաշնակիցն է: Ֆրանսիան միշտ ընդգծել է Թուրքիայի կարեւոր դերակատարումը, բայց այդ դերակատարումը Թուրքիան կոչված չէ իրականացնելու ԵՄ-ում: Թուրքիան աշխարհագրորեն չի գտնվում Եվրոպայում, եւ դա է առաջին խնդիրը»:
Ֆրանսիայի դեսպանը խոստովանում է, որ վերջերս հաճախ է մամուլից հետաքրքրական տեղեկություններ բացահայտում: Օրինակ, նա հայկական ԶԼՄ-ներից է տեղեկացել, որ նախագահ Սարկոզին ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ցանկանում է հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համար: Հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի հովանավորության մասին տեղեկություններ դեսպանը չունի: Նա կրկնում է Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ Ֆրանսիան ու Եվրոմիությունը հակված են այդ ձեւաչափին: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ պատի կառուցումն, ըստ դեսպանի, փաստում է, որ բանակցությունները պետք է վերսկսվեն, տարածաշրջանի ապագան երկխոսության սկսման եւ սահմանները բացելու մեջ է: «Խաղաղության ճանապարհը դժվար է, բայց այլ ճանապարհ չկա»:
Հ. Հ.
Հ. Գ. Ասուլիսի ընթացքում լրագրողների հնչեցրած գրեթե բոլոր հարցերին դեսպանը տալիս էր խիստ դիվանագիտական պատասխաններ: Պատասխաններ, որոնք, ըստ էության ոչինչ չէին ասում կամ նորություն չէին պարունակում: Երբ լրագրողները հետաքրքրվեցին` կարդացե՞լ է Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցը, որտեղ աշխարհահռչակ երգիչը քննադատում է Հայաստանի իշխանություններին ու շեշտում, որ երկրում կա մաֆիա, դեսպանը զարմացած հայացքով ասաց. «Ոչ, չեմ կարդացել»: