ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը մինչ դիվանագիտական ծառայությամբ Հայաստան ժամանելը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն էր եւ ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային աշխատող: Երեկ նա իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին, հանդիպել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Երեկ ԱՄՆ դեսպանատանը լրագրողների համար կազմակերպված ընդունելությանը դեսպանն ընդգծեց 3 հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ պետք է երկու երկրները համագործակցեն: «Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական ոլորտում կապերի ամրապնդում եւ քաղաքական դաշտում համագործակցություն, մասնավորապես պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի 2012-2013 թթ. համապետական ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին», ասաց Հեֆերնը: Դեսպանն ասաց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միակ լուծումը ԱՄՆ-ն տեսնում է ԵԱՀԿ-ի ՄԽ-ի շրջանակներում: Դեսպանն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքին ծանոթ է. Մարի Յովանովիչն էլ հայտնել է, որ վերջին 6-ամսվա ընթացքում Հայաստանում դրական զարգացումներ են նկատվում: Լրագրողի հարցին` ԱՄՆ դեսպանները հայտնվում են իրավիճակում, երբ հոգու խորքում վստահ են, որ 1915 թ. իրադարձությունները Ցեղսպանություն են, սակայն ստիպված են ԱՄՆ պետական դիրքորոշումը ներկայացնել, Հեֆերնը ասաց. «Ապրիլի 24-ին նախագահի հայտարարությունը ամուր ձեւով է ներկայացնում ԱՄՆ դիրքորոշումը, որը ես պաշտպանում եմ»:
Հ. Հ.