«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2011-10-14 | #184, 2011-10-15 | #185, 2011-10-18


ՀԻՎԱՆԴ ՎԵՐՆԱԽԱՎ, ԽԱԲՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարեւան երկրի վերնախավն ակնհայտորեն հիվանդ է: Ախտորոշումը թերեւս հոգեբույժների խնդիրն է: Մենք արձանագրում ենք իրողությունը: Բանն այն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով ներդրվում է «երբեմնի մեծ եւ միասնական հայրենիքը կորցրած ազգի» կերպար: Խոսքը վերաբերում է մի հսկայական տարածքի, որ ընդգրկում է ողջ Ատրպատականը, Հարավային Կովկասի մեծագույն մասը` բացառությամբ ներկայիս Վրաստանի արեւմտյան որոշ հատվածների, եւ Դաղստանի Ինքնավար Հանրապետությունը: Սա «պատմական Ադրբեջանն» է, որը նախ «մասնատվել է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերով», ապա` խորհրդային տարիներին «մասնակիորեն նվիրվել հայերին, վրացիներին եւ լեզգիներին»: Այդ երկրում տպագրվում եւ տարածվում են քարտեզներ, որտեղ «որպես Ադրբեջան» նշված է անգամ Իգդիրի շրջանը, իսկ «պատմագիտական գրականությունը» ներարկում է «ընդհուպ Փեհլեւիների «ապօրինի» դինաստիայի իշխանության գալն Իրանում ազերի թյուրք-պարսկական պետության գոյության» գաղափարը: Ընդսմին, նույն «պատմաբանները» կաշվից դուրս են գալիս հատկապես օտար միջավայրին «ապացուցելու, որ բոլոր հարեւանների հանդեպ տարածքային պահանջներ ունեն «եկվոր» հայերը»: Ըստ էության, իշխող վերնախավն ամեն ինչ անում է, որ տարածաշրջանի պատմությունը «նորովի» գրվի: Չի բացառված, որ մոտ ապագայում մի որեւէ «մասնագետ պեղի եւ հայտնաբերի», որ ալիեւների նախնիները «եղել են վաղնջական ազերի թյուրք ազնվականներ»:

Երեւույթը որեւէ բացատրության չի տրվում, բացի մեկից. Իլհամ Ալիեւը հոգեկան հավասարակշռության լուրջ խնդիրներ ունի: Քանի որ բոլոր այդ նախաձեռնություններն սկսվում են նրա այս կամ այն հանձնարարականից, ելույթից, անգամ հրամանագրերից: Ամենաթարմ օրինակ կարելի է համարել նրա սեպտեմբերի 6-ի հրամանագիրը, որով Բաքվի գործադիր իշխանությանն ու կառավարությանը հանձնարարվում է «Ադրբեջանի մայրաքաղաքում կանգնեցնել ազգային հերոս Բաբեկի հուշարձանը»: Թե ի՞նչ կապ ունի Իրանի հյուսիսային գավառներում արաբական տիրապետության դարաշրջանի կրոնա-սոցիալական շարժման առաջնորդն այսօրվա Ադրբեջանի հետ` նման տրամաբանության Իլհամ Ալիեւն իրեն չի տալիս: Պե՞տք է ունենալ «ազգային հերոսի» հուշարձան, ուրեմն կկանգնեցվի: Որպես «ազերի թյուրքերի անցյալ փառքի մարմնացում»: Էական չէ նաեւ, որ պատմական գրեթե բոլոր, այդ թվում եւ միջնադարյան հայ աղբյուրները Բաբեկին անվանում են «մարդակեր գազան»: Իլհամ Ալիեւը նշանակություն չի տալիս փաստին, որ Բաբեկն իբրեւ ստամբակ ձերբակալվել եւ արաբների կողմից դաժան մահապատժի է ենթարկվել` գործած հանցանքների համար: Նա կարեւորում է «վրեժխնդրության համախտանիշը», որով արհեստականորեն վարակում է իր հպատակներին:

Այլ եզրահանգման տեղ չեն թողնում իրենք` հարեւան երկրի գաղափարախոսները: Նրանք «միասնական Ադրբեջանի մասնատման», «ազերի թյուրք ժողովրդին պատուհասած դժբախտությունների» համար մեկ «մեղավոր» են ճանաչում եւ ներկայացնում: Դա հայ ժողովուրդն է: Այո, «պատմաբանը» գրում է, որ 18-րդ դարում «հայ լրտեսներն են Կովկաս հրավիրել ռուսներին», ինչի պատճառով էլ «Ադրբեջանի անկախ խանությունները կորցրել են ինքնիշխանությունը, եւ մեր հայրենիքը մասնատվել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ»: Այսպես են «մեկնաբանվում» ռուս-պարսկական պատերազմներն ու դրանց ռազմաքաղաքական հետեւանքները:

Հրանտ Մաթեւոսյանն այսպիսի արտահայտություն ունի` «թուրքի ամայացնող հայացք»: Ի՜նչ դիպուկ է բնութագրել: Այսօր, ահա, Ադրբեջանում «նայում» եւ իրենց «միասնական հայրենիքից ու ազնվական նախնիներից» զատ Կովկասում ոչինչ եւ ոչ ոքի չեն տեսնում: Անհավանակա՞ն է: Ամենեւին. անցեք www. borchali.net հղումով եւ «կիմանաք, թե Վրաստանում քանի պատմականորեն թյուրքական տեղանուններ են վրացականացվել»: Ներառյալ` մայրաքաղաք Թբիլիսին, որ պիտի լիներ «Թիֆլիս, ինչպես վաղնջական ազերի թյուրքերն են անվանել»: Իսկ որ ներկայիս Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջանն է», այդ մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայն ասել է «նորին գերազանցություն» ՄԳԻՄՕ-ի երկտարեցի շրջանավարտ Իլհամ Ալիեւը:

Սա զուտ պատմաքաղաքագիտական կամ էթնոգրաֆիկ բանավեճ չէ, որին կարելի է նայել ակադեմիական գիտության բարձունքներից եւ քմծիծաղել: Ամենեւին: Խոսքն աշխարհաքաղաքական մի հսկայական տարածքում ազերի թյուրք տարրի «պատմական առաքելության» գաղափարի հետեւողական ներդրման մասին է, որից Ադրբեջանի իշխող վերնախավն արդեն գրեթե անթաքույց մակաբերում է Հարավային Կովկասում սեփական «առաջատար դերակատարության հեռանկարը»: Այդ էքսպանսիան Վրաստանում արտահայտվում է ադրբեջանական կապիտալի լուրջ ներկայացվածությամբ, ինչը Բաքվի կողմից հետեւողականորեն ծառայեցվում է հայ-վրացական հարաբերությունների տորպեդահարման, վրաց հանրության շրջանում հակահայ տրամադրությունների սերմանման «վեհ» նպատակին: Անցեք վրացական ինտերնետ-ռեսուրսներով եւ կտեսնեք, թե դրանցում ինչ ընդգրկում ունի ազերի թյուրքական «ձեռագիրը»: Որոշ կայքէջեր նույնիսկ եռալեզու են` վրացերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն:

Հայրենասիրությունն ադրբեջանական վերնախավի մատուցմամբ հայատյացությունն է, Կովկասում հայ ներկայության «բացառումը»: Բանն, իհարկե, երբեմն զավեշտի է հասնում. իշխանություններն արհեստականորեն «ադրբեջանական սփյուռք» են ձեւավորում: Բայց դա նպատակային է արվում, որպեսզի մանավանդ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում «ադրբեջանական սփյուռքի կառույցներ գործեն` հավասարակշռելու հայկական լոբբիին»: Սա եւս հիվանդության ախտանիշ է: Ինչպես նաեւ` «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության տեսությունը», որի կնքահայրը Հեյդար Ալիեւն է:

Ադրբեջանական վերնախավի ագրեսիան, իհարկե, կարող է բումերանգի պես հետ հարվածել իրեն: Հասարակական մտածողության հետեւողական միլիտարիզացիան մի օր հնարավոր է, որ պոռթկա երկրի ներսում: Բայց, միեւնույնն է, միջազգային հանրության համար խնդիր պիտի դառնա ադրբեջանական «հեգեմոնության» զսպումը: Այդ թվում եւ առաջին հերթին` քարոզչությամբ: Դա հարցերի հարցն է: Քանի որ լինում է այն, ինչ նախապես ասվում է: Այսօր Իլհամ Ալիեւն իր ժողովրդին ներշնչում է Կովկասում «առաջատարության հասնելու» նպատակ: Չկա որեւէ երաշխիք, որ մտագարության հերթական նոպայի պահին նա այդ մարդկանց չի մղի «նպատակն իրականություն դարձնելու» արկածախնդրության` տառապանքների մատնելով նախ սեփական հպատակներին, ապա ողջ բազմազգ Կովկասը, ի վերջո` վտանգելով խաղաղությունը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4