«Ղարաբաղյան ազատամարտի թեմային դիմող գրողը պետք է իմանա, որ պատմությունը խմբագրելու իրավունք որեւէ մեկը չունի»,- իր իսկ հեղինակած գրքի առնչությամբ, Արցախի ժուռնալիստների միության կազմակերպած շնորհանդեսի ժամանակ, ասել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վարդգես Բաղրյանը:
Արցախում ճանաչված գրողի եւ հեռուստալրագրողի հեղինակած հերթական գիրքը` «Տեսադաշտ», ընդգրկում է 1988-1994 թվականների կարեւոր իրադարձությունները: Դրանց Վ. Բաղրյանը ժամանակին անդրադարձել էր հեռուստառեպորտաժների ու հարցազրույցների ձեւով, որոնք հետագայում դարձել են դարձյալ նրա հեղինակած «Թերթելով պատմության էջերը. 1988-1994» ֆիլմաշարի հիմնական նյութը: «Տեսադաշտը» գրվել է այդ ֆիլմաշարի հիման վրա:
Գրքի մասին կարծիք հայտնելովՙ արձակագիր, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Գրքում ակնարկ անգամ չկա իր դերի մասին, սակայն բոլորս գիտենք, որ Վարդգեսը, լինելով իրադարձությունների թոհուբոհում, իր հոգու եւ սրտի միջով է անցկացրել այդ դժվար նյութը»: Բանախոսի դիտարկմամբ` գիրքը արժեքավոր փաստեր է պարունակում եւ ունի ճանաչողական հսկայական շերտեր: Բացի դրանիցՙ ի տարբերություն վերջին տարիներին տպագրվող շատ գրքերի, հեղինակն իրեն չի ներկայացնում իրադարձությունների կենտրոնում, չի հատկանշում անձնական դերակատարությունը. նա անկողմնակալ ու անաչառ է պատմելիս, որով էլ ընթերցողը վստահում է նրան:
Բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի պետհամալսարանի պրոֆեսոր Սոկրատ Խանյանի կարծիքով. «Կոնկրետության մեջ Վարդգես Բաղրյանի «Տեսադաշտը» ժանրային առումով նման է վավերագրական այնպիսի երկերին, որոնք ներկայացնում են ժամանակագրության դարավոր ընթացքը»: Իսկ պատմական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ պրոռեկտոր Վահրամ Բալայանը շեշտել է գրքի պատմագիտական արժեքը` նշելով, որ օգտագործված վավերափաստերը կարող են հարուստ սկզբնաղբյուր դառնալ հետագա գիտական ուսումնասիրությունների համար:
Շնորհանդեսին մասնակցում էին նաեւ հիշյալ գրքի իրական հերոսներից: Նախկին ազատամարտիկ, Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Սարգսյանն, օրինակ, կարեւորեց, որ հեղինակը գրքում որպես հերոս է ներկայացրել ժողովրդին, այլ ոչ թե առանձին անհատների: Իսկ ԼՂՀ պետական արխիվի տնօրեն, նույնպես խորհրդարանի անդամ Վարդգես Ուլուբաբյանի խոստովանությամբ` երբ մարտից առաջ լրագրողներ էին գալիս իրենց մոտ, զինվորները ոգեւորվում էին ու լցվում թշնամուն հաղթելու վճռականությամբ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանի ամփոփ տեսակետն այն էր, որ նման գրքերը պետք է տպագրվեն նաեւ այլ լեզուներով, որպեսզի օտար լսարաններում ճիշտ պատկերացում ձեւավորվի ղարաբաղյան պատերազմի եւ առհասարակ Արցախյան շարժման մասին:
Հնչած բարեմաղթանքների համար շնորհակալություն հայտնելովՙ Վարդգես Բաղրյանը վերջում նշեց, որ գրքի ստեղծման գործում շոշափելի է մի խումբ հեռուստալրագրողների ու օպերատորների ներդրումը: «Տեսադաշտի» հաջողությունը նաեւ նրանց մասնակցությամբ է պայմանավորված:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ