«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2011-10-14 | #184, 2011-10-15 | #185, 2011-10-18


ՄԵԿՆԱՐԿԵՑ Orange ԳՐՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Orange-ը խրախուսում է կարդալ եւ քվեարկել նախընտրելի ստեղծագործությունների օգտին

Մեկնարկեց «Orange գրքի մրցանակ-2011» գրքի մրցույթի երկրորդ փուլը` հանրային քվեարկությունը: Առաջին փուլի արդյունքներով, որի ընթացքում ժյուրիի անդամները պետք է ընտրեին առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, երկրորդ փուլում ընթերցողների լայն զանգվածների դատին են հանձնվում հետեւյալ ստեղծագործությունները.

Վեպ. «Փետրափոխում» (Հրաչ Բեգլարյան) եւ «Շների համաստեղությունը» (Նարինե Կռոյան)

Հեքիաթ. «Անկիմյուրի բնակիչները» (Արմինե Աբրահամյան)

էսսե. «Քաղաքը» (Վարդան Ֆերեշեթյան), «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը» (Վիոլետ Գրիգորյան), «Անքնություն Փարիզում» (Վահրամ Մարտիրոսյան) եւ «Վագոնից թռչելու ժամանակը» (Արմեն Շեկոյան)

Պատվածք. «Մահապատժից ժամեր առաջ» (Պարույր Սանթրոսյան), «Ֆուտբոլի գնդակի երազանքը» (Տաթեւ Դերզյան), «Մատրյոշկա» (Արմեն Օհանյան), «96» (Մարինե Քոչարյան)

Սցենար. «Չարենց» (Վահրամ Մարտիրոսյան)

Ժյուրիի առաջարկով էսսեները եւ պատմվածքները, որոնք պետք է մրցեին նույն կատեգորիայում, առանձնացվել են եւ ներկայացված են երկու կատեգորիայով: Հեքիաթ եւ սցենար/դրամատիկական գործ կատեգորիաներում ժյուրիի բարձր գնահատականին արժանացել են միայն մեկական գործ, որոնք էլ ավտոմատ կերպով կհամարվեն որպես տվյալ անվանակարգում հաղթող: Ընթերցասերները կկարողանան Orange-ի կայքում ծանոթանալ այս գործերին հատվածաբար:

Վեպ, էսսե եւ պատմվածք անվանակարգերում հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:

«Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր արժանացել են ժյուրիի հավանությանը: Այս պահից սկսվում է շատ հետաքրքրական շրջան, երբ բոլոր ընթերցասերները կարող են կարդալ ու իրենց կարծիքը հայտնել մասնակից գործերի վերաբերյալ եւ ընտրել, թե որ գործն է տպագրվելու: Սա բացառիկ պահ է, քանի որ սովորաբար ընթերցողները գործը բացահայտում են այն ժամանակ, երբ արդեն գրքի է վերածվել: Սա է Orange գրքի մրցույթի առանձնահատկությունը. այն ավելի շուտ ոչ թե գրական մրցանակ է, այլ ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ: Հուսով ենք, որ հանրային ընթերցանությունների, քննարկումների եւ հեղինակների հետ հանդիպումների միջոցով մենք կներգրավենք ընթերցողների ամենալայն շրջանակներին եւ կխթանենք հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Չէ՞ որ հաջորդ տարի Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքն է լինելու», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Այսօրվանից սկսած եւ մինչեւ նոյեմբերի 7-ը առաջին փուլը հաղթահարած մասնակիցների գործերը կարելի է կարդալ առցանց Orange-ի վեբ կայքում` www.orangearmenia.am/book-prize: Հենց նույն էջում էլ կարելի է քվեարկել դուր եկած ստեղծագործության օգտին` Facebook սոցիալական ցանցի միջոցով` սեղմելով յուրաքանչյուր ստեղծագործության մոտ հասանելի like կոճակը:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Հիշեցնենք, որ մրցույթի չորս անվանակարգերում` պատմվածք եւ էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ եւ սցենար, մասնակցում են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ եւ մշտապես բնակվում են Հայաստանում:

Մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրոնային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաեւ պատրաստվում է Երեւանի հետ նշել գրքի եւ ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երեւանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում եւ իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:

Հավելյալ տեղեկությունների համար` http://orangearmenia.am/book-prize/:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4