Երեւանում մեկնարկել է Վահրամ Փափազյանի անվան փառատոնը, որ վաղուց դարձել է մեր մշակութային կյանքի կարեւորագույն էջերից մեկը, միաժամանակ ձեռք բերելով միջազգային ճանաչում. անցած տարվանից այն դարձավ Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի անդամ: Փառատոնի առանցքը դարձավ անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանի «12-րդ գիշերը» հանրահայտ բեմադրությունը, որը նա իրականացրել է Մոսկվայում` Ռուսաստանի հայտնի դերասանների հետ: Ներկայացման մեջ զբաղված էին Ռուսաստանի ժողովրդական դերասաններ` Ա. Ֆեկլիստովը, Մ. Ժիգալովը, Ի. Յասուլովիչը եւ ուրիշներ: Ռուսաստանը կներկայացնի նաեւ Տուվայի հանրապետության «Մաքսիմ Մունզուկ» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը` Գալինա Մունզուկի գլխավոր դերակատարմամբ:
Ծրագրից անմասն չեն մնա մեր հարեւանները` Իրանը եւ Վրաստանը: Իրանը կներկայացնի Անդիշե թատերախումբը` «Մակբեթ» եւ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներով, իսկ Վրաստանը կներկայացնեն Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվ. ազգային թատրոնը «Համլետ» եւ Թբիլիսիի Վ. Աբաշիձեյի անվ. Դրամայի եւ կոմեդիայի պետական թատրոնը` աշխարհի մի շարք փառատոների մեծ հաջողությամբ մասնակցած «Մակբեթ» ներկայացումներով: Փառատոնին կմասնակցի նաեւ միջազգային ճանաչում ունեցող թուրքմեն բեմադրիչ Օվլյակուլի Խոջակուլին, որը կներկայացնի «Համլետ» բեմադրությունը:
Հայաստանը փառատոնին կներկայացնի Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի թատրոնը` «Ռոմեո եւ Ջուլիետ», Երեւանի Հր. Ղափլանյանի անվ. Դրամատիկական թատրոնը` «Հուլիոս Կեսար», «Է. Էլբակյան» թատրոնը` «Ռոմեո եւ Ջուլիետ», Հայաստանի Թատերական գործիչների միությունը` «Լեդի Մակբեթ» ներկայացումներով:
Փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Փառատոնը բացի Երեւանից, կհյուրընկալվի նաեւ մարզերում:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ