«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2011-10-14 | #184, 2011-10-15 | #185, 2011-10-18


ԴԵՔԼԱՆ ԴՈՆՆԵԼԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Հայաստան է ժամանել «Չիկ բայ Ջաուլ» թատրոնի հիմնադիր Դեքլան Դոննելան: Նա ծնվել է Անգլիայում 1953թ. եւ մեծացել է Լոնդոնում: 1981 թ. իր գործընկեր Նիք Օրմերոդի հետ հիմնել է «Չիկ բայ Ջաուլ» թատերախումբը եւ մինչ այժմ բեմադրել է 30 պիես: 1989 թ. նա դարձել է Լոնդոնի Թագավորական Ազգային Թատրոնի փոխտնօրեն: 2000թ. Դեքլանը Մոսկվայում հավաքեց ռուսական թատերախումբ, որի խաղացանկում մինչ այսօր ընդգրկված են «Բորիս Գոդունով», «12-րդ գիշեր», «Երեք քույրեր» բեմադրությունները: Նա մրցանակների է արժանացել Մոսկվայում, Փարիզում, Նյու Յորքում եւ Լոնդոնում` այդ թվում Լոուրենս Օլիվեի երեք մրցանակների` «Տարվա բեմադրիչ», «Լավագույն բեմադրիչ», «Ակնառու ձեռքբերումների համար»: 1992 թ. դարձել է Ուորվիկի համալսարանի Պատվավոր դոկտոր, իսկ 2004-ին Ֆրանսիայի Գրականության եւ արվեստի շքանշանի ասպետ:

Այս տարի նրա բեմադրած «12-րդ գիշեր» ներկայացումը մեկնարկեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը հանդիսականի կողմից ընդունվեց բարձր ծափողջույններով: Ներկայացման մեջ ընդգրկված դերասաններն են` Ա. Ֆեկլիստովը, Մ. Ժիգալովը, Ի Յասուլովիչը եւ ուրշներ: Բոլոր դերերը մարմնավորում են տղամարդիկ եւ այդ առիթով դերասան Միխայիլ Ժիգալովն ասաց. «Դեքլան Դոննելան ասել է`, եթե ներկայացման ժամանակ հանդիսատեսը ծիծաղի նրա համար, որ դուք կերպավորել եք կնոջ կերպար, ապա նույն պահին պետք է փակել վարագույրները, քանի որ հանդիսականը պետք է մոռանա դրա մասին»:

Դեքլան Դոննելանն ասել է, «Այս ներկայացումը խաղացել ենք ամբողջ աշխարհում եւ շատ ուրախ եմ, որ եղավ առիթ ներկայացնել այն նաեւ Հայաստանում: Մենք` ռուսներս շատ ենք սիրում հայերին եւ մեր դերասանական կազմի մեջ եւս կան հայեր: Շատ շնորհակալ եմ փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանին եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին»:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4