Օրերս հայտարարվել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի երկրորդ` 2012թ. մրցույթը: Այս մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից եւ տրվում է երկու տարին մեկ անգամ, աստղագիտության եւ հարակից գիտությունների ոլորտներում կատարած մեծ նվաճումների համար: Այն աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկն է եւ կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար: Մրցանակին կարող են ներկայացվել առանձին գիտնականներ կամ գիտական խմբեր` ոչ ավել, քան 3 հոգուց բաղկացած: Մրցույթի ժամկետն է 2012թ. մարտի 18-ը: Իսկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Գործում է անվանի աստղագետներից եւ ֆիզիկոսներից կազմված միջազգային հեղինակավոր հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը, իսկ նրա կազմում են Միջազգային աստղագիտական միության պրեզիդենտ Ռոբերտ Ուիլյամսը, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի 2010թ. հաղթող Միշել Մայորը եւ ուրիշներ:
Մ. Մ.