«Ճարտարապետության եւ դիզայնի լավագույն դիպլոմային աշխատանքների» միջազգային 20-րդ, հոբելյանական մրցույթ-ստուգատեսը տեղի ունեցավ Երեւանում` Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճեմասրահում: հոկտեմբերի 16:
Ճարտարապետության ոլորտում 2011թ. հոկտեմբերը հոբելյանական է: Ճարտարապետության կրթության աջակցության միջազգային հասարակական կազմակերպության որոշմամբ` հոկտեմբերի 16-ից 23-ը ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի շրջանակներում բացվեց «Ճարտարապետության եւ դիզայնի դիպլոմային աշխատանքնների» մրցույթ-ստուգատեսը: Մրցույթում մասնակցում են 12 երկրների 61 ճարտարապետական դպրոցներ, որոնք կներկայացնեն բակալավրների ու մագիստրոսների դիպլոմային 600-ից ավելի աշխատանք:
Մրցույթ-ստուգատեսում ներկայացված են հետեւյալ երկրները` Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Իտալիա, Ֆրանսիա, Չինաստան, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Ղազաղստան, Ուզբեկստան, Ղրղզտան, Հայաստան:
Մրցույթ-ստուգատեսում սահմանված են 12 անվանակարգ.
բնակելի շենքեր,
հասարակական շենքեր,
արդյունաբերական ճարտարապետություն,
քաղաքաշինություն,
լանդշաֆտային ճարտարապետություն,
կառուցում եւ վերականգնում,
գյուղական ճարտարապետություն,
ճարտարապետության տեսություն եւ պատմություն
ինտերիերի դիզայն,
առարկայական դիզայն,
հագուստի դիզայն:
«Ճարտարապետության եւ դիզայնի դիպլոմային աշխատանքների» մրցույթ-ստուգատեսում բացի առաջին եւ երկրորդ կարգի դիպլոմներից` տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված են առանձին մրցանակներ, ինչպես նաեւ հատուկ գլխավոր մրցանակ: «Միջազգային այս մրցույթը կարեւոր նշանակություն ունի ճարտարապետության եւ դիզայնի ոլորտների փորձի փոխանակման եւ զարգացման համար: Յուրաքանչյուր մասնակից երկիր, կիրառելով իր ազգային մտածողությունը, յուրովի կհարստացնի մասնակից երկրների ճարտարապետական միտքը», - նշեց ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Հայկական ճարտարապետական դպրոցը, ի դեմս ԵՃՇՊՀ-ի «Ճարտարապետության եւ դիզայնի դիպլոմային աշխատանքների» միջազգային մրցույթ ստուգատեսի, ստեղծման պահից` 1971թ., մշտապես մասնակցել է, եւ նրա լավագույն դիպլոմային աշխատանքները բացի առաջի եւ երկրորդ կարգի ճանաչումից արժանացել են, տարբեր այդ թվում նաեւ գլխավոր մրցանակների:
ԵՃՇՊՀ-ի հոբելյանի շրջանակներում հոկտեմբերի 17-ին կայացավ Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի եւ Շինարարական մասնագիտաուսումնամեթոդական միավորման փոխնախագահի եւ նախագահության անդամների հանդիպումը ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի եւ համալսարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հյուրերը բարձր գնահատեցին համալսարանի անդամակցությունն իրենց կազմակերպությանը` ընդգծելով նրա դերը նոր գաղափարների կիրառման, ուսումնական համընդհանուր խնդիրների լուծումների առումով:
Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1991թ.: Ըստ կանոնակարգի` անդամակցող երկրների շինարարական բուհերը տարին չորս անգամ հրավիրում են նիստ, որում քննարկվում են բուհերի առջեւ ծառացած խնդիրները եւ նորարարության հետ կապված այլ հարցեր: ԵՃՇՊՀ-ն կազմակերպությանն անդամակցում է 1991թ.-ից:
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին
Հոկտեմբերի 17-ին ժամը 1100 –ին Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) պուրակում բացվեց Դինո Դե Ռանիերի` Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին:
Իտալիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամը, բարձր գնահատելով ԵՃՇՊՀ-ի հետ 20 տարվա համագործակցությունը, ի նշան երախտագիտության եւ բարեկամության Համալսարանի 90-ամյակի տարեդարձին նվիրել է Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին: Ստեղծագործության հեղինակն է քանդակագործ Դինո դե Ռանիերին: Նա աշխատում է իր հոր` Սիրիոյի քանդակագործության արվեստանոցում: Դե Ռանիերիները` որպես քանդակագործ, իրենց ուրույն դերն են ունեցել Իտալիայի քանդակագործության արվեստում: Նրանց առաջին արվեստանոցը հիմնադրվել է 1888թ.:
«Ռոմուալդո դել Բիանկո» հիմնադրամը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կազմակերպում է ամենամյա մրցույթ-ստուգատեսներ, կլոր սեղաններ եւ այլն: ԵՃՇՊՀ-ն մշտապես մասնակցում է միջազգային նշանակության այդ միջոցառումներին: Համալսարանի կողմից վերջին տարիներին ավելի քան 100 ուսանող մասնակցել է մրցույթ-ստուգատեսներին եւ մյուս միջոցառումներին: ԵՃՇՊՀ-ն կարեւորում է Իտալիայի ճարտարապետական դպրոցների հետ համագործակցությունը եւ բարձր է գնահատում «Ռոմուալդո դել Բիանկո» հիմնադրամի ներդրումը ուսանողների աշխարհընկալման զարգացման գործում:
Այս գործում իր մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանատունը:
ԵՃՇՊՀ-ի լրատվական ծառայություն