«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2011-10-14 | #184, 2011-10-15 | #185, 2011-10-18


ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻՆ ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎԵՑ

Լրացավ հայ անվանի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի ծննդյան 60-ամյակը: Հոբելյանի առիթով Ռաֆայել Վահանյանին շնորհավորել եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պետական այդ բարձր պարգեւին Վահանյանն արժանացել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ձեռք բերած ակնառու հաջողությունների եւ փայլուն հաղթանակների համար:

«Ռաֆայել Վահանյանը հայկական եւ ոչ միայն հայկական մարզաշխարհի այն ներկայացուցիչներից է, որը սպորտում խորը հետք թողնելուց բացի, իր հետեւից տարել է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց: Ռաֆայելը ոչ միայն Խորհրդային Միության ժամանակաշրջանի շախմատիստ է, այլեւ այսօրվա մեր փայլուն հավաքականի հաջողությունները կերտողներից մեկը: Ես տեսել եմ, թե ինչպես պարոն Վահանյանը կարող է իր հետեւից տանել թիմը, տեսել եմ, թե նա ինչպես է պայքարում», նշել է Սերժ Սարգսյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հոբելյանական միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, որը եւս ջերմորեն շնորհավորել է տաղանդավոր գրոսմայստերին:

Սերժ Սարգսյանը «Մովսես Խորենացի» մեդալով է պարգեւատրել շախմատի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոններ Սերգեյ Մովսիսյանին եւ Ռոբերտ Հովհաննիսյանին: Իսկ Էլինա Դանիելյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4