«Ազգ» օրաթերթը տեղեկացրել էր, որ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին: Հետագայում Ազգային ժողովում կազմակերպվել էին փակ լսումներ զոհված զինվորների ծնողների, ԱԺ պատգամավորների եւ օմբուդսմենի մասնակցությամբ: Պաշտպանի աշխատակազմը զոհվածների ծնողների հետ կազմել է 8 տեղեկանք, որոնք ներառում են զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքի խախտումներն ու թերացումները:
ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբՙ խախտումները շատ են: Օրինակՙ Արայիկ Ավետիսյանի գլխի վրա բացի հրազենային վնասվածքներից եղել են այլ վնասվածքներ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի պարզել պատճառները: Գեղամ Սերգոյանի մահվան գործով քննիչը փորձագետին է ուղարկել 3 ռենտգեն լուսանկար, որոնց դատաբժշկական գիտագործնական կենտրոնում եւ նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել: Նարեկ Գալստյանի մահվան դեպքի վայրից ոչնչացվել են իրեղեն ապացույցներ: Տիգրան Համբարձումյանի դին գտնվել է զորամասից մի քանի մետր հեռավորության վրա` տեսանելի վայրում, սակայն սպայական կազմը մարմինը հայտնաբերել է դեպքից մեկ օր անց: Անդրանիկ Սարգսյանի մահվան գործով բուժծառայության պետը իր բացատրությունում նշում է, որ սխալ ախտորոշում է իրականացրել, մինչդեռ նախաքննության մարմինն այդ հարցին չի անդրադարձել: Քննիչն արձանագրել է, որ սպանված Արման Հակոբյանին նաեւ ծեծել են, սակայն քայլեր չի ձեռնարկել ծեծած զինծառայողներին որպես մեղադրյալների ներգրավելու: Պարանին, որով կախվել է Վալերիկ Մուրադյանը, եղել են արյան հետքեր, սակայն պարանը չի ուղարկվել փորձաքննության` արյան կարգն ու պատկանելությունը որոշելու: Սպանված Տիգրան Օհանջանյանի դիակի նկարները փաստում են աչքի, ծնոտի եւ գլխի հատվածներում առկա վնասվածքները, ձեռքի ափին կապտուկները, սակայն դատաբժիշկն այդ ամենը չի արձանագրել:
Այս եւ բազմաթիվ այլ խախտումները պաշտպանը ամփոփել է տեղեկանքում եւ ուղարկել պատգամավորներ Սամվել Նիկոյանին, Արամ Սաֆարյանին, Հրայր Կարապետյանին եւ Լարիսա Ալավերդյանին: Պաշտպանը նաեւ ներկայացրել է իրավական հետագա գործողությունների իր առաջարկները:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ