«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2011-10-14 | #184, 2011-10-15 | #185, 2011-10-18


ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Վերջին շրջանում կարծես թե շատացել են ինքնասպանության դեպքերը: Իհարկե, դա միայն դեպքի առաջին վարկածն է, որը շատ հաճախ նախաքննության ընթացքում հերքվում է: Հիմնականում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ են անում սոցիալական ծանր վիճակում հայտնվելու պարագայում, հազվագյուտ դեպքերումՙ սիրո ու խանդի հողի վրա եւ կամ այլ պատճառով: Հոկտեմբերի 16-ին Երեւան-Սեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված «BMWx5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերված 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը նույնպես որակվեց ինքնասպանություն:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, դեպքի վայրում օպերատիվ խումբը հայտնաբերել է «Արայ» ՍՊԸ-ին պատկանող մեքենանՙ առջեւի ձախ նստատեղին Արմեն Պետրոսյանի դիակըՙ քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքինՙ «ՏՏ» ատրճանակ, պահունակում 6 փամփուշտով: Ավտոմեքենայի աջ նստատեղին դրված սեւ կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» տիպի ատրճանակի կրակված 1 պարկուճ: Տարօրինակ է, թե ինչու «Արայ» ՍՊԸ-ի 31-ամյա գործունյա տնօրենը ինքնասպան պիտի լիներ, այն էլ այն ժամանակ, երբ նրա բիզնեսը օրեցօր ծաղկում է: Ինչուների պատասխանը թողնենք իրավապահներին: Իսկ փաստի առթիվ արդեն ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, իրացնելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4