ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունը ԲՀԿ-ի ստեղծման առաջին օրից իսկ առկա է: Երբ Քոչարյանը ստեղծում էր այդ նախագիծը, բոլորին հասկացնում էր, որ իրեն պետք է կախվածության մեջ չլինել դաշտում առկա քաղաքական ուժերից: Հիմա Քոչարյանը պաշտոնապես քաղաքական դաշտում չէ, սակայն ԲՀԿ-ի գործոնի պարագան նույնն է համարյա, ինչ ե՛ւ Քոչարյանի ժամանակ, ե՛ւ անցած խորհրդարանական ընտրություններին: Գումարած, որ դաշտի մյուս խաղացողները միշտ վախ ունեն, թե Քոչարյանն ի վերջո կվերադառնա` ԲՀԿ-ի միջոցով:
Ի՞նչ իրավիճակ է այժմ, ընտրություններից ընդամենը կես տարի առաջ: ՀԱԿ-ին հզորացնելու եւ լայն զանգվածների աջակցությունը նրա համար ապահովելու բոլոր ջանքերը (սկսած ՀԱԿ-ի ղեկավարների, վերջացրած որոշ մրցակիցների ջանքերով) ի դերեւ ելան փաստորեն` ՀԱԿ-ը զանգված ապահովող չէ, եւ ոնց երեւում է` ընտրությունների ժամանակ էլ ուրիշ ուժերի քվեն փոշիացնող անգամ չի կարող լինել: ՀԱԿ-ի ղեկավարները պետք է սառնասիրտ լինեն` ընդունելու իրողությունները եւ տղամարդու նման նայելու իրականության աչքերին: Ազնիվ լինենք ու նշենք, որ ՀԱԿ-ի առաջնորդը շատ լավ ըմբռնել էր դա վաղուց, երբ իր շուրջօրյա հանրահավաքների ժամանակ, խոսելով Քոչարյանի` մարած քարտ լինելու մասին, հաճոյախոսել էր ԲՀԿ-ին, նշելով, թե ԲՀԿ-ի մենակ գնալը ընտրությունների կարող է մրցակցություն առաջացնել ու ավարտին հասցնել ՀՀԿ-ի մոնոպոլիան: Այս եւ մի շարք այլ ռեւերանսները ԲՀԿ-ի հանդեպ վերլուծաբանները գնահատեցին ոչ այլ բան, քան ԲՀԿ-ին ուղղված բաց առաջարկ` ՀԱԿ-ի հետ գործակցելու: Այլ բան, որ այդպիսի ենթադրյալ կամ հնարավոր առաջարկին ԲՀԿ-ում կամ շատ լուրջ նայել չեն կարող, կամ եթե նայեն էլ, ապա միայն այդպիսի ենթադրյալ առաջարկությունից վախեցողներին վախեցնելով քաղաքական դիվիդենտներ շահելու առումով: Իսկ Գագիկ Ծառուկյանը, որ վերջին ժամանակներս այդ կարգի եւ համանման հարցերին երբեք ուղիղ չի պատասխանել, որոշ ժամանակ առաջ միայն կայքով էր խոսել իր խոսքին սպասողների հետ ու ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ունի քաղաքականություն վերադառնալու բարոյական եւ քաղաքական իրավունք:
Հիմա այս բոլորից հետո մամուլն ամեն օր համարյա տարբեր ենթադրություններ է անում, թե ԲՀԿ-ն դուրս կգա-չի գա կոալիցիայից, մենա՞կ կգնա ընտրությունների, ՀՀԿ-ն նրան կամ կպարտադրի՞ մի նոր հուշագիր ստորագրել, կամ թե արդյո՞ք հենց ՀՀԿ-ն նրան կոալիցիայից դուրս կհրավիրի: Մամուլը, փաստորեն, ամեն օր գրելով այս մասին, որոշ առումով գործընթացները շարժման էր դրդում, այնպես որ, այո, անտեսանելի շարժում կար վերը նշված հրավերում եւ նրանց հետ առնչվող գործընթացներում:
Ճիշտ է, հավերժական հարցին` մենա՞կ, թե՞ համագործակցությամբ է ԲՀԿ-ն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ավելի վաղ Ծառուկյանը ի պատասխան հերթական անգամ ասել էր. «Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից, ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ եւ հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը, եւ շարժվելու եմ հենց այդ սկզբունքով»: Խոստովանենք, որ բազմանշանակ պատասխան է` «թշնամիների եւ հակառակորդների» վերաբերյալ միասնական արտահայտության մեջ մեծ ցանկության դեպքում ՀԱԿ-ին էլ կարելի է տեղավորել, իսկ «ավելի մեծ կոնսոլիդացիայի» մեջ` ում ասես, կարեւորը, որ այս ասելիքի մեջ ոչինչ ժխտված կամ ոչինչ հաստատված չէր: Սակայն ամենակարեւոր հարցին Ծառուկյանն այդպես էլ չի պատասխանում դեռ` 2013-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Այդպիսով` ընդդիմության դաշտը եթե ոչ ազատ, ապա գոնե վստահ կարելի է ասել` նվազ բնակեցված է, դա երեւում է անգամ «Ազատ դեմոկրատների» շարժերին նայելով` այդ դաշտի մի մասը գրավելու իր հավակնություններով հանդերձ (ցանկություններն ու իրականությունը, սակայն, տարբեր են): Այդ դաշտը գրավելու, ինչպես եւ իշխանական քաղաքական դաշտում ամերիկյան եւ ռուսական ազդեցության ուժերի խուլ պայքարը առավել քան նկատելի է, իսկ այս բոլորից ավելի կարեւոր է, որ շահելու է այն կուսակցությունը, ով տանելու է ընդդիմության անտեր մնացած ձայները: Հասկանալի է, որ դա ՀՀԿ-ն լինել չի կարող: Բոլոր մնացածները դա շահելու շանս ունեն: Այնպես որ շատ լավ հասկանալի է ՀՀԿ-ի ջանքը` ԲՀԿ-ին թույլ չտալ սեփական խաղերն առաջ տանելու, եւ ԲՀԿ-ի ջանքը` շատ ավելի ազդեցության դաշտի հավակնելու, ընդ որում, մեր կարծիքով, շատ բնականոն քաղաքական ձգտումներ են դրանք:
Փաստորեն իշխանական դաշտում առկա խմորումներին պետք է նայել այս համատեքստում: Այն, որ ՀՀԿ գործադիրի նիստում անցած ուրբաթ ներքաղաքական խնդիրներ էին քննարկվում, դա հենց սկզբից գիտեին բոլորը, հետո էլ գաղտնիք չմնաց, որ ԲՀԿ-ի հետ հարաբերություններն են ուզում ՀՀԿ-ում հստակեցնել` դա չեն ասում, բայց առանց դրա էլ այդ բանը հայտնի է, եւ որ մինչեւ շաբաթավերջ այդ հստակությունը ՀՀԿ ղեկավարն ուզում է ունենալ ու այդպես գնալ Մոսկվա, դա էլ ինքնին հասկանալի է: Նշանակում է` կոալիցիայում ավելի շուտ բան կփոխվի, քան ընդդիմադիր դաշտում:
Եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, արդյո՞ք նոր ուժեր կփնտրի ՀՀԿ-ն նրան փոխարինելու համար, կամ արդյո՞ք ԲՀԿ-ն հաշվարկներ արել է, թե որ դեպքում կշահի` մնալո՞վ, թե՞ դուրս գալով (երկու դեպքում էլ շահեր կան, չնայած տրամագծորեն տարբեր ուղղություններից): Համենայն դեպս` մինչեւ նախագահի Մոսկվա գնալը ինչ-ինչ բաներ հաստատ կհստակվեն, հետո էլ Մոսկվայում ինչ-ինչ բաներ կհստակեցվեն: Իսկ թե մեկ շաբաթ են տվել ԲՀԿ-ին, որ նա հստակություն մտցնի իր գործելաոճում` մնա՞ կոալիցիայում, թե՞ դուրս գա, թե մեկ շաբաթ չեն տվել, սրա մեղքն էլ մամուլի վիզը, որովհետեւ պաշտոնապես ոչ ոք գոնե բերանի ծայրով այդպիսի բան չհաստատեց: Ավելին, ուզում ենք հիշեցնել ԲՀԿ վերջին համագումարից առաջ ստեղծված համանման իրավիճակը, երբ մամուլը հաթաթա տվեց, որ ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից, հուշագիր չի ստորագրելու, եւ իրավիճակն այնպես լարվեց, որ բոլորը գնացին ԲՀԿ համագումար շունչը պահած, իսկ Ծառուկյանն ընդամենն անպաշտոն զրույցում ասաց` եթե տեսնեմՙ չեմ կարողանում կուսակցություն ղեկավարել, կհեռանամ:
Հիմա նույն իրավիճակն է, եւ ասենք, որ ավելի շատ մամուլն է քչփորում, ինտրիգներ լարում, քան իրականում եղածն է, եւ ընդհանրապես` մի քանի անգամ գրել ենք, Հայաստանի քաղաքական դաշտի առանցքային խաղացողները մամուլի միջոցով են գործընթացներ ուղղորդում, հասունացնում: Հիմա իրավիճակ հասունացրել են, ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ տրվել են ինտրիգին, եւ իսկապես` այս շաբաթավերջին ինչ-որ բան գուցե հստակվի: