«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


«ՄԱԶԸ` ԵՐԿԱՐ, ԽԵԼՔԸ ԿԱՐՃ Է»

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան «հանդես է եկել նախաձեռնությամբ» եւ առաջարկել, որ «ԼՂ հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները հանդիպեն»: Նրա խոսքերով, իր «առաջարկությունը դրական է ընդունվել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմումի եւ Հարավային Կովկասում վերջինիս ներկայացուցիչ Ժոաո Սուարեշի կողմից»: Միաժամանակ նա ընդգծել է, որ «հանդիպման իրականացման տեղը եւ ժամկետները հայտնի չեն»:

Նման «հանդիպման» մասին ոչ ոք ոչինչ չգիտի նաեւ Լեռնային Ղարաբաղում: Ուստի մնում է ենթադրել, որ խանըմ պատգամավորն առավելագույնը իր նշած անձանց կամ նրանցից մեկի հետ «պրիվատ» հանդիպման ժամանակ, հնարավոր է, հերթական «կոնստրուկտիվ առաջարկությունն» է հնչեցրել: Բանն այն է, որ ուկրաինական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ասել էր, թե իր երկիրը «չի խուսափում ԼՂ հայերի հետ շփումներից»: Եվ Բահար խանըմն, ըստ էության, «սեփական կոնստրուկտիվ նախաձեռնությամբ» ճգնում է «հավաստիություն տալ» իր երկրի փոխարտգործնախարարի «հանդուրժողականությանը»:

Այդուհանդերձ, «գերժամանակակից» Բաքուն ներկայացնող տիկին պատգամավորը չի կարողացել զսպել «մեծապետական» հակումներն ու այսպիսի միտք էլ է հնչեցրել. «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիներ են եւ ցանկալի է, որ նման հանդիպում անցկացվեր Բաքվում: Բայց եթե դա նրանց համար խնդրահարույց է, ապա հնարավոր է նաեւ այլ տեղ ընտրել»:

«Քաղաքացիության եւ հարակից հարցերի շուրջը» Բահար խանըմի «զեղումները» կարելի է թերեւս «կանացի թուլության» առհավատչյա համարել: ԼՂՀ ընտրյալ ներկայացուցիչներն, ամենայն հավանականությամբ, տիկին պատգամավորի` Բաքվում նրանց հյուրընկալելու անտեղիտալի ցանկությանը կարող էին նույնիսկ ընդառաջել, եթե չլիներ մի իրավական խոչընդոտ. իրականում ԼՂ «ադրբեջանական համայնքն» է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ամբողջություն: Եվ եթե այդ մարդիկ ինչ-ինչ խնդիրներ ունեն` կապված այդ կարգավիճակն օրինականացնելու եւ ԼՂՀ հանրային-քաղաքական կյանքում ինտեգրվելու` իրենց համար բաղձալի հեռանկարի հետ, ապա հանդուրժելի կլիներ, եթե նրանք Ստեփանակերտ ժամանելու եւ տեղում հուզող հարցերի պատասխանն ստանալու նախաձեռնություն ցուցաբերեին:

Թե չէ, որքան էլ բառախաղ անեն, տղամարդկանց չի պատշաճում թաքնվել Բահար խանըմի փեշի տակ: Մանավանդ որ, դատելով տիկին պատգամավորի խոսքերից, նա այդ հնարավորությունն ու ցանկությունը բոլորովին չունի: Պարզապես հանձնարարել են` ինչ-որ «բան» ասում է: Ուղղակի, ինչպես ժողովուրդն է ասում, «մազը` երկար, խելքը կարճ» կին է:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4