«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


ՔՐԴԱԿԱՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նա ընդունում է քրդերի պատասխանատվությունը հայկական կոտորածներում

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի վերջին ընտրություններում ստացած ձայների քանակով մյուս բոլոր կուսակցություններին գերազանցել է երկրի քրդաբնակ հարավարեւելյան շրջաններում, այսինքնՙ քրդական կուսակցություն է: Թեեւ կալանված լինելու պատճառով նրա առաջադրած պատգամավորներից 8-ը զրկվել են մանդատից, սակայն կուսակցությունը ունենալով 26 պատգամավորական տեղերՙ խորհրդարանական խմբակցություն է կազմել Մեջլիսում:

Թուրքական իշխանությունները, քաղաքական կուսակցությունները «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը հաճախ մեղադրում են PKK-ին ծառայելու եւ այս կառույցի անջատողական նկրտումները թուրքական Մեջլիսում խորհրդարանականի կարգավիճակով պաշտպանելու, թերեւս դրանով էլ երկրում ահաբեկչությունը խթանելու մեջ:

Գալով «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, որքան էլ նա ստացած տեղերի քանակով ամենասակավաթիվ խմբակցությունն ունենա Մեջլիսում, այնուամենայնիվ, կարողանում է ընդդիմանալ ինչպես վարչապետ Էրդողանի իշխող «Արդարություն եւ բարգավաճում», վերջինի հետ նաեւ Ժողովրդա-հանրապետական ու «Ազգայնական շարժում» կուսակցություններին, այնպես էլՙ թուրքական պետությանըՙ դատապարտելով վերջինի ոչ թուրք բնակչությանը հալածելու ավանդական քաղաքականությունը:

Դա պատահական չէ, այլՙ պայմանավորված է Թուրքիայում բնակչության 1/4-ը կազմող քրդերի աջակցությամբ, PKK-ի ավելի քան 30 տարվա վաղեմություն ունեցող զինված գործունեությամբ, երկրում քրդական հարցի հրատապությամբ, ինչպես նաեւ Իրաքի գլխավորությամբ հարեւան երկրներում, հետեւաբար եւ տարածաշրջանում քրդական գործոնի, հատկապես հակաիրաքյան 2-րդ պատերազմից հետո աննախադեպ ակտիվացմամբ:

Այլ կերպ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գործունեությունը կարեւոր է ոչ միայն Թուրքիայում քրդական հարցի եւ քուրդ բնակչության ոտնահարված իրավունքների, այլեւ Մեջլիսում «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ «Ազգայնական շարժում» կուսակցության ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների նկատմամբ անհանդուրժողական եւ ատելության դրսեւորումները զսպելու եւ երկրում առկա տաբուները վերացնելու առումներով:

Այդ տաբուների մեջ առանձնակի տեղ ունի Հայոց ցեղասպանությունը: Նախորդ նստաշրջանում քրդական այս կուսակցության պատգամավորը, կարծես համանախագահ տիկին Թուղուքն էր, Մեջլիսի ամբիոնից հաստատել է ցեղասպանության փաստըՙ իր վրա գրավելով մյուս խմբակցությունների կատաղի զայրույթը:

Նրա օրինակին հետեւել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր Ալթան Թանը: Ինչպես հոկտեմբերի 17-ին նշել է stratejikboyut.com կայքէջը, մասնակցելով Մարտինի համալսարանի կազմակերպած միջազգային գիտաժողովին, Թանը ելույթ է ունեցել եւ հայտարարել է. «Նախորդ դարում տեղի է ունեցել 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Թող արձանագրեն, որպես քաղաքական գործիչ, ես ցեղասպանություն բառն եմ օգտագործում»:

Թանը Մարտինի համալսարանում Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորի կարգավիճակով ունեցած աղմկահարույց ելույթի մասին նշված կայքէջին պարզաբանումներ է տվել, մասնավորապես ասելով, որ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել Օսմանյան Թուրքիայում, դրա գլխավոր պատասխանատուն «Իթթիհադ վե Թերաքքիի» պարագլուխներն են: Այդ ժամանակահատվածում, նշել է նա, կոտորած են իրականացրել նաեւ հայ կոմիտաջիները, ապա եւ շարունակել. «Պետք է հրաժարվել «իմ մարդասպանը լավն է, իսկ քոնըՙ վատ» մոտեցումից: Պետք է բոլորի վիշտն արտահայտող ընդհանուր հուշարձան կառուցել եւ ներողություն խնդրել կատարվածի համար»:

Այնուհետեւ նա անդրադարձել է 1915-ի հայոց եւ ասորիների ցեղասպանության մեջ քրդերի պատասխանատվությանը, ընդգծելով. «Պատճառաբանելով, թե ամեն ինչ արել է «Իթթիհադ վե Թերաքքին», պետությունը, քրդերը չեն կարող արդարանալ: Թեեւ քուրդ ժողովուրդն ամբողջությամբ սուրը ձեռքին ցեղասպանության չի մասնակցել, սակայն ցեղասպանության համար քուրդ առաջնորդները լուրջ պատասխանատվություն են կրում: Ոմանք ասում են, որ 1915-ի իրադարձությունները չեն համապատասխանում ցեղասպանության միջազգային բնորոշումներին, հետեւաբար խնդիրը ոչ թե ցեղասպանությունն է, այլՙ տեղահանությունը: Սակայն ես հարցին այլ կերպ եմ մոտենում: Տվյալ ժամանակահատվածում մեր տարածքն ուներ 13 միլիոն բնակչություն, իսկ հայերը 1 միլիոն 200 հազար էին: Այսինքնՙ նրանք կազմում էին երկրի ընդհանուր բնակչության 10 տոկոսը: Ներկայումս նրանց թիվը 40 հազար է Թուրքիայում: Որտե՞ղ են հիմա այդ հայերը: Ասում են, թե անհետ կորել են, համաճարակի զոհ դարձել, ճանապարհին մահացել կամ արտագաղթել են: Ոչ ոք առանց պատճառի տունը, տեղը, ունեցվածքը չի թողնի-գնա: 1915-ին հայերի գերակշռող մասը սրախողխող է արվել: Ոմանք սպանված հայերի թիվը ներկայացնում են 100 հազար, ոմանք էլՙ 300 հազարի հասցնում: Իմ կարծիքովՙ թիվը էական չէ: Մի՞թե քիչ է նույնիսկ 100 հազարը: Կարո՞ղ է արդարացնել մեզ»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4