«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


ԴԻՏԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՆՈՐ ԴՊՐՈՑ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզում սկսել է կառուցել Դիտավան գյուղի դպրոցը: Ծրագիրը հովանավորում են արգենտինահայ Արմեն եւ Նատիա Էքսերճիյանները, ովքեր 2007 թվականից սկսած ավելի քան 300 մլն դրամի ներդրում են կատարել 120 տնտեսություն ունեցող Դիտավան համայնքում: Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ` Էքսերճիյան ամուսինների շնորհիվ դիտավանցին ունի խմելու ջուր, գազ, վարչական ու ժամանցի կենտրոն, իսկ դպրոցի կառուցումն էլ եւս մեկ խթան կդառնա գյուղի համալիր զարգացման համար: Կառուցվող երկհարկանի դպրոցը նախատեսված է 60 աշակերտի համար, կունենա 8 դասասենյակ, փոքր մարզադահլիճ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ դպրոցն ամբողջովին կահավորել եւ ապահովել համակարգիչներով ու համապատասխան սարքավորումներով: Դպրոցի ջեռուցումն իրականացվելու է գյուղի նորակառույց գազատարից: Դպրոցի առաջին հարկն արդեն կանգնեցված է, ընթացքում են երկրորդ հարկի կառուցման աշխատանքները:

Դիտավանի ներկայիս դպրոցի շենքը 1950-ականներին կառուցված շինություն է` 4 հին մետաղե կցակառույցներով, ուր հաճախում է 42 երեխա: Ութամյա կրթություն ստանալուց հետո աշակերտներն ուսումը շարունակում են հարեւան Ազատամուտ համայնքի դպրոցում, որը Դիտավանից 2 կմ է հեռու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4