«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲԵՌՆՈՒՄ

Միջխորհրդարանական միության նախագահի եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգերի խորհրդի եւ Պետությունների խորհրդի նախագահների հրավերով հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բեռնում մասնակցեց Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի բացման արարողությանը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը եւ Միքայել Վարդանյանը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը մանրամասներ է փոխանցել վեհաժողովի ընթացքի եւ մեր պատվիրակության հանդիպումների մասին:

Վեհաժողովի մոտ 1500 մասնակիցներին ողջունեցին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Կալմի-Ռեյը, Միջխորհրդարանական միության նախագահ Թեո-Բեն Գուրիրաբը եւ ուրիշներ:

Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը եւ Միքայել Վարդանյանը մասնակցել են Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են ՄՄ-ին անդամակցությանը վերաբերող հարցեր, ներկայացվել Միջխորհրդարանական միության 2012 թ. ծրագիրը եւ բյուջեի նախագիծը, 2012-2017 թթ. ռազմավարությունը եւ այլ հարցեր: Նիստի ընթացքում ներկայացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի կազմակերպածՙ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների պատգամավորների մասնակցությամբ հունիսի 14-16-ին Հայաստանի խորհրդարանում կայացած երեխաների իրավունքերին նվիրված տարածաշրջանային համաժողովի արդյունքները:

ՄՄ ղեկավար խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել միջխորհրդարանական միության 125-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաեւ մեր ԱԺ պատվիրակությունը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Նույն օրը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության վեհաժողովի Եվրասիա աշխարհաքաղաքական խմբի նիստը, որը նախագահում էր ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Վարդանյանը: Նիստի ընթացքում իրենց ծրագրերը ներկայացրել են Միջխորհրդարանական միության նախագահի թեկնածուներ, Ինդոնեզիայի խորհրդարանը ներկայացնող տիկին Նուրհայատի Ալի Ասեգաֆը եւ Մարոկկոն ներկայացնող Աբդելվահադ Ռադին: Նշենք, որ Միջխորհրդարանական միության նախագահի ընտրությունները տեղի կունենան այսօր, վեհաժողովի լիագումար նիստում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4