«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


ՍՅՈՒՆԱՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՏՈԼՈՐՍ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս պատահաբար ձեռքս անցավ մի գիրք` «Տոլորս» վերնագրով: Հեղինակն է Ալեքսանդր Սուքիասյանը : Լինելով վաստակաշատ շինարար` նա իր տասնամյակների աշխատանքային գործունեությանը զուգընթաց հրատարակել է մի շարք հետաքրքիր գեղարվեստական գրքեր, որոնք նվիրված են հայրենի բնաշխարհին, նրա ժողովրդի կենցաղին ու սովորույթներին: Ա. Սուքիասյանի «Տոլորս» խորագրով հայրենապատումը ընթերցվում է մեկ շնչով:

Հայաստանի` անկախություն ձեռք բերելուց հետո մեր ժողովրդի մեջ կարծես նոր թափ առավ հետաքրքրություն սեփական արմատների` ծննդավայրերի նկատմամբ: Ստեղծվեցին հայրենակցական միություններ, սկսեցին լույս տեսնել զանազան բնակավայրերին, կենցաղին վերաբերող գրքեր: Այս առումով հետաքրքրական եւ արժեքավոր գործ է հիշյալ աշխատանքը: Թե պատմական եւ թե ճոխ լեզվական առումով գիրքը գրված է մեծ պաթոսով: Հեղինակը, Տոլորս գյուղի պատմությունը կապելով հայ ժողովրդի անցած դառն ու դաժան ճակատագրին, նախաբանում գրում է. «Թերթում եմ հազարամյակների ճանապարհ անցած մեր ժողովրդի պատմության էջերը: Հայկական լեռնաշխարհ ու հայոց բնօրրան` իր ավելի քան 300 հազար քառակուսի կմ տարածությամբ... Թշնամական գիշատիչ հարեւաններ... Անընդմեջ պատերազմներ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ Հայաստանի հողի վրա` Հայաստանին տիրելու համար, երկրի բաժանում Արեւմտյանի ու Արեւելյանի, անհավասար դարավոր պայքար պետականության վերականգնման համար... Մեծ եղեռն ու Արեւմտյան Հայաստանի կորուստ... Եվ մեր ժողովրդի վերածննդի օրրան դարձած Արեւելյան Հայաստան` իմ փոքր հայրենիք Սյունիքով եւ նրա մի անկյունում ծվարած իմ հայրենի գյուղ Տոլորսով...»:

Ուսումնասիրելով Տոլորսի շրջակայքում 1952-ին հայտնաբերված բրոնզեդարյան շրջանի դամբարանաբլրի փրկված նյութերը` «Գյուղի նախապատմություններից» գլխում հեղինակն իր ափսոսանքն է հայտնում, որ ժամանակին հնարավոր չի եղել փրկել դամբարանաբլրի բոլոր նմուշները մեր իսկ թալանչիների ձեռքից, ու դեռեւս հույս է փայփայում. «Գուցե ինչ-որ հրաշքով, ինչ-որ մեկի մոտ պահպանված լինեն Տոլորսի հիշարժան դամբարանաբլրի մասունքներից... Եվ այդ «ինչ-որ մեկը» հիշի պատմության թանգարանի տեղը»: Անկեղծորեն այդ անհուսալի «հույսը» ես էլ եմ փայփայում...

Աշխատանքը համեմված է արխիվներից, տարբեր ուսումնասիրողների աշխատություններից քաղված նյութերով, նաեւ կենդանի մարդկանց վկայություններով, կենցաղին, գյուղի պատմությանը, տեղանքներին վերաբերող նկարներով: Օգտվելով գյուղի պատմության ուսումնասիրություններից` լեզվաբանների աջակցությամբ հեղինակը ստուգաբանում է գյուղի անունը որպես «Մեծ ոլորաններ»: Այն համընկնում է գյուղի թե սկզբնական կնքանվան (Տոլորք) եւ թե այժմյան անվանը (Տոլորս), ինչպես նաեւ գյուղի տեղանքին:

Ա. Սուքիասյանը ցավով է խոսում ջրի տակ մնացած հին գյուղի եւ հատկապես Ս. Հռիփսիմե եկեղեցու ճակատագրի մասին եւ նշում, որ եկեղեցու պատերի կրաշաղախն այնքան բարձր մեխանիկական ու կապակցող հատկություն ունի, որ շուրջ 40 տարի ջրի տակ մնալով նրա պատերի խամքարաբետոնե միջուկի մեծ մասը դեռ կանգուն է մնացել: Նա խորհում է` արդյոք հնարավոր չէ՞ր տեղափոխել սրբատեղին, եւ իր հոգու կանչն արտահայտում է բանաստեղծորեն.

Ախր իմ լիճ կապուտակ,

Ինչո՞ւ առար ջրիդ տակ

Մեր ծաղկաշատ գյուղը հին,

Վեհաշուք եկեղեցին:

Հեղինակը որոշ բացահայտումներ է կատարել գյուղի բնակչության կազմի, եկեղեցու եւ դպրոցի տարիքի վերաբերյալ: Եթե մինչ այդ եղած աղբյուրներում նշվում էր, որ 1831-ին գյուղում ապրել է 88 հայ բնակիչ, ապա, ըստ Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԱ) տվյալների, նրանցից 24-ը եղել է ազգությամբ թաթար: Ըստ Ղ. Ալիշանի` 1886 թ.-ին գյուղում ապրում էր 563 հոգի (ոգիք) հայ եւ 176 օտար (օտարք): Նա չի մանրամասնում այդ օտարների ազգային պատկանելիությունը: Ե. Լալայանն օտարներին համարում է շիա-պարսիկներ: Իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Տոլորսում, Ա. Սուքիասյանն այն տրամաբանորեն կապում է պարսիկների` Սիսիանում հայտնվելու տվյալների հետ: Ընթերցողին չձանձրացնելու նպատակով գյուղի բնակչության կազմի տվյալները գրքում ներկայացվում են աղյուսակով: Եկեղեցու բարավորին (եկեղեցու մուտքի կամարաձեւ քարը) եւ այլ աղբյուրներում նշվում է, որ այն կառուցվել է 1861 թ.: Մինչդեռ ՀԱԱ-ում եղած համոզիչ տվյալների վերլուծությամբ ու պարզ տրամաբանությամբ հեղինակը գտնում է, որ եկեղեցու տարիքն ավելի հին է` առնվազն մինչեւ 1800 թվականը: «Դպրոցը» գլխում Ա. Սուքիասյանը գտնում է, որ գյուղի դպրոցն իր կենսագրությունը սկսում է ոչ թե 1906-ից, երբ կառուցվեց նրա առաջին կանոնավոր շենքը, այլ առնվազն 1870-ականներից:

«Գրքի կենցաղն ու սովորույթները» բաժնում հաճույքով են ընթերցվում Տոլորս գյուղի օրհնանքները, անեծքները, ժողովրդական առած-ասույթները, խաղերն ու զվարճալի զրույցները:

Ա. Սուքիասյանը ծավալուն աշխատանք է կատարել` հավաքելով գյուղի խոսվածքից շուրջ 1800 բառ: Այն համեմատելով Սիսիանի շրջանի Ե. Լալայանի նշած որոշ հնաբնակ գյուղերի խոսվածքների բառապաշարին` ապացուցում է նրանց նմանությունը: Նաեւ համեմատելով Արցախ աշխարհի Գարդման նահանգի ամենամեծ բնակավայր Գետաշենի խոսվածքին` հեղինակը հիմնավորում է Լալայանի այն մտքի ճշմարտացիությունը, որ, իրոք, Տոլորս գյուղ ներգաղթել են նաեւ Արցախից, քանզի այստեղ նույնպես խոսվածքների նմանությունն ակնհայտ է:

«Գյուղը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» (ՀՄՊ) բաժինը հուզիչ է եւ տպավորիչ մի շարք պատճառներով: Նախ` գիրքը հեղինակը նվիրում է ՀՄՊ-ում եւ Արցախյան ազատամարտում զոհված իր համագյուղացիների հիշատակին: Տպավորիչ է հատկապես ՀՄՊ-ում զոհվածների հուշարձանի բացման ժամանակ երեք որդիներ կորցրած Վաթո բիձու (զյուղում այդպես էին նրան անվանում) ելույթը: Ռազմաճակատ մեկնած 350 համագյուղացիներից (այդ թվում` Տոլորսի ութ դուստր) 101-ը մնաց մարտի դաշտում: Տոլորսը տվել է մեկ գեներալ, ռազմաօդային ուժերի երկու օդաչու եւ տարբեր կոչումներով տասնյակ զինվորական սպաներ:

Այդ փոքրիկ գյուղի անվանի մարդկանց ցուցակում կան դոկտոր-պրոֆեսորներ, տասնյակ գիտության թեկնածուններ, ԽՍՀՄ սպորտի վարպետներ, ՀԽՍՀ եւ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մեկ մարզիչ, սամբոյի գծով աշխարհի չեմպիոն (1981 թ.) եւ այլն: Տոլորս գյուղից է սերվում «Հանրապետական» կուսակցության հիմնադիր, անկախության մեծ ջատագով Աշոտ Նավասարդյանը:

«Գյուղի տեղանունները» բաժնում հեղինակը նշում է գյուղերի անուններ, որոնց տարածքը, ինչպես ինքն է ասում, այլեւս գյուղատեղիի չի նմանվում: Եվ միայն սերնդից սերունդ բերնեբերան փոխանցված է, որ այսինչ տեղում է եղել այսինչ գյուղը կամ այնինչ տարածքը: Որոշ տեղանուններ հիշատակելիս (Ճգնավոր, Մալքիմանց ճաղաց) մեջբերվում են հաճելի ժպիտներ գյուղական զրույցներից:

Գրքի վերջաբանում Ա. Սուքիասյանն իրավացիորեն նշում է, որ մեր ժողովրդի կորուստների ցավն ամեն մի հայ մշտապես կրում է իր կրծքի տակ: Նա իր համոզմունքն է հայտնում, որ կգա ժամանակ, երբ հնարավոր կդառնա լուծելու Հայ դատի մյուս հրամայականները եւ իր հոգու իղձն արտահայտում է բանաստեղծորեն:

Այսօր, այնուհետեւ լավատեսորեն հուսադրում է հեղինակը, մեխանիզմներն ու կապը նախկինի համեմատ զգալի են: Ջրամբարի երախից փրկված Տոլորս գյուղի հողատարածքները, բարեբախտաբար, հիմնականում բերրի են, եւ թեպետ դժվարությամբ, այնուամենայնիվ, հնարավոր է հասնել գոնե հին գյուղի գյուղատնտեսական նախկին նվաճումներին:

Շնորհավորում եմ շինարար հեղինակին այս հիասքանչ գրքի հրատարակման առթիվ եւ ցանկանում նրան հաջողություններ: Նոր ակնկալիքներով եմ սպասում «Տոլորս»-ի 2-րդ գրքի հրապարակ գալը:

ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ, ԳԱԱ ակադեմիկոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4