«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների ու տրանսգենդերների (ԼԳԲՏ) հանդեպ հանրային վերաբերմունքը պարզելու նպատակով «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն ու «Սոցիոսկոպ» ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոնը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում սոցիոլոգիական հետազոտություն են անցկացրել:

Հարցմանը մասնակցել է 1156 անձ: Նրանց 74.5 տոկոսը կարծիք է հայտնել, որ պետական քաղաքականություն ԼԳԲՏ-ների նկատմամբ չի իրականացվում: 71.5 տոկոսն էլ հավելել է, որ պետությունը պետք է բացը լրացնի եւ պայքար սկսի նրանց դեմ: 18.6 տոկոսը «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունենալը բնութագրել է հիվանդություն, 12.7 տոկոսը որակել է արեւմտյան երկրների բացասական ազդեցության հետեւանք, 10.8 տոկոսը` դաստիարակության արդյունք: Հայաստանում կան մարդիկ` 9.9 տոկոս, որ կարծում են, թե մարդիկ ԼԳԲՏ դառնում են համացանցով շփվելու հետեւանքով: Քիչ տոկոս են կազմել մարդիկ, որոնց գնահատմամբ այն ձեռքբերովի է կամ պայմանավորված է հորմոնների եւ քրոմոսոնների թվով: Հարցվածների 27.4 տոկոսը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ԼԳԲՏ անձանց հասցեին, 17.4 տոկոսը չի էլ թաքցրել բացասական վերաբերմունքը, 11.5 տոկոսի մոտեցումը հանդուրժող եւ դրական էր, 2.9 տոկոսը դրսեւորել է կարեկցական վերաբերմունք: Հարցվածների գերակշռող մասը խոստովանել է, որ պատրաստ չէ շփվել նրանց հետ, 10.9 տոկոսին անհանգստացրել է շրջապատի կարծիքը, 6.4 տոկոսը դատապարտել է նման երեւույթը: 78.1 տոկոսը խոստովանել է. կհրաժարվի շփումից ընկերոջ հետ, եթե իմանա, որ նա ԼԳԲՏ է:

Հարցումները տվել են նաեւ հարցի պատասխանը, թե ովքե՞ր են առավել հանդուրժող ԼԳԲՏ-ների նկատմամբ` կանա՞յք, թե՞ տղամարդիկ: «Եթե տեսնեք, որ ԼԳԲՏ անձանց ենթարկում են բռնության, կօգնե՞ք» հարցին տղամարդիկ պատասխանել են, որ անտարբեր կանցնեն, կանանց որոշակի հատվածը նշել է, որ այնուամենայնիվ կօգնի:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4