Նոյեմբերի 3-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի կենտրոնում Հարվարդ համալսարանի դասախոս, Մաշտոցի անվան մրցանակի արժանացած պրոֆեսոր Ջեյմս Ռասելը դասախոսություն է կարդալու «Հայ-եբրայական մի առեղծվածի կամ 1000 տարվա հնություն ունեցող մի հայկական տեքստի մասին», որը գտնվել է Կահիրեի հրեական սինագոգներից մեկում: 19-րդ դարի վերջերին ճանապարհորդ մի գիտաշխատող Կահիրեի հրեական սինագոգներից մեկի պահեստարանում պատահականորեն հայտնաբերում է բազմաթիվ միջնադարյան ձեռագրեր, նամակներ, գրքեր եւ փաստաթղթերՙ գրված եբրայերեն լեզվով, որոնց մեջ եղել է նաեւ հայկական մի բառացանկ իր եբրայերեն-արաբերեն թարգմանությամբ: Հարգարժան պրոֆեսորը բացահայտելու է, թե ինչ առիթով է գրված այդ բառացանկը, լույս սփռելով Մերձավոր Արեւելքի մինչ այժմ անհայտ մի ժամանակաշրջանի վրա:
Պրոֆ. Ռասելը հեղինակ է մի շարք գրքերի, որոնց թվում են «Բոսֆորյան գիշերներ: Պետրոս Դուրյանի ամբողջական լիրիկական պոեմները» եւ «Հովհաննես Թլկուրանցին եւ միջնադարյան հայկական լիրիկական ավանդությունը» հատորները:
Դասախոսության մասին առավել մանրամասնությունների համար այցելել hq@naasr.org կայքը:
Հ. Ծ.