Երեկ թուրքական «Միլլիեթ» թերթն այս վերնագրով էր անդրադարձել Հաքքյարիի Չուքուրջա գավառում զինվորական կայանների վրա PKK-ի իրականացրած հարձակմանը: Մոտավորապես նույն վերնագրով էր հարձակումը լուսաբանել «Թարաֆը», պարզապես վիրավորների թիվը դարձրել է 70 միլիոն: Այլ կերպ, վիրավոր են համարում Թուրքիայի ողջ բնակչությանը:
Ի դեպ, պաշտոնական տեղեկագրությունն էլ սպանված թուրք զինծառայողների թիվն է կրճատել: Այդ ցուցանիշը միջադեպի օրը, վերջին տվյալներով, 26 էր: Երեկ արդեն իջեցրեց 24-ի: Մինչդեռ PKK-ին դատապարտելու համար ունեցած ելույթում Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից հայտարարում էր. «Եթե մեկ հարձակման ընթացքում 35 զոհ ենք տալիս, ապա դրա պատասխանատուն կառավարությունն է»:
Խնդիրը, սակայն, սպանված զինծառայողների թիվ չէ, այլ Հաքքյարիում տեղակայված 40-հազարանոց բանակի ներկայությամբ PKK-ի ներխուժումը սահմանային զորամաս, որի հրամանատարին սպանել են հենց կաբինետում:
PKK-ի այս հարձակումը վերջին 30 տարիներին առավել արյունահեղ 5-րդ հարձակումն է թուրք զինծառայողների տեսանկյունից: Հիմք ընդունելով այս հանգամանքը, երկրում շատերը հարցնում են. «Այսքան մեծ թվով նահատակի դիմաց ինչո՞ւ թուրքական զորքերը չեն կարողանում մեծ կորուստներ պատճառել PKK-ին»:
Հարցի պատասխանը միանշանակ չէ: Բայց որ հարձակումը ցնցել է թուրքերին, զոհերի թիվը խուճապի է մատնել, իսկ թուրքական զորքերի հետ բախումներում, այն էլ լինելով նախահարձակ, PKK-ի խուսափելը կորուստներից հիասթափություն է պատճառել: Ոչ պակաս ցնցված պետք է համարել նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ Էրդողանի կառավարության ողջ կազմին: Միջադեպից հետո Գյուլն իր համար անսովոր ոճով հայտարարեց. «Վրեժն ահավոր է լինելու, ավելի մեծ վիշտ ենք պատճառելու նրանց, քան մեզ են պատճառել»: Իսկ մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղլու Գյունայը, ինչպես նաեւ ուղիղ եթերում թուրքական հանրային հեռուստատեսության հաղորդավարուհին, զոհերի մասին արտահայտվելիս չկարողացան արցունքները զսպել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ