Associated Press գործակալության փոխանցմամբ` ամերիկահայ Ջեք Գեւորգյանի հեղինակած կտավները, ձեռագիր գրություններն ու անձնական իրերը հոկտեմբերի վերջին պետք է աճուրդի հանվեին Նյու Յորքում: Գեւորգյանի կտավների գերակշռող մասը վերաբերում է մահվան: Դրանցից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն» եւ պատկերում է արյունոտ գլուխ, որը մազերից բռնած պահում են 2 զինվորներ` թուրքական եւ գերմանական զինվորական համազգեստներով:
Այդ կտավով «Դոկտոր Մահը» ցանկացել է պատկերել Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ հայերի եւ հրեաների կոտորածները: Դետրոյթի պատկերասրահներից մեկի սեփականատեր Էնն Քաֆլերի վկայությամբ` վերոնշյալ կտավի շրջանակը ներկելիս Գեւորգյանն օգտագործել է իր սեփական արյունը:
Փաստաբան Մեյեր Մորգանրոթը հայտնել է, որ աճուրդի հասույթի մեծ մասը տրամադրվելու է «Դոկտոր Մահի» ժառանգին` զարմուհուն, իսկ մյուս մասը` քաղցկեղի դեմ պայքարող բարեգործական կազմակերպությանը:
Սակայն Մասաչուսեթսում գործող Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը հրաժարվել են աճուրդի համար տրամադրել «Դոկտոր Մահի» հեղինակած 17 կտավները: Հայկական թանգարանը հայց է ներկայացրել Գեւորգյանի փաստաբանի դեմ` պնդելով, որ բժիշկը եւ նրա քույրը ժամանակին հրապարակավ հայտարարել են, որ կտավները նվիրաբերում են թանգարանին:
Իր հերթին Գեւորգյանի փաստաբանը անհեթեթ է համարել թանգարանի տնօրենի պնդումները` հավելելով, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Գեւորգյանը նվիրատվության մասին որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել: Մինչ դատարանը կորոշի Գեւորգյանի 17 կտավների ճակատագիրը, թանգարանը հայտարարել է, որ կտավները պահելու է իր ցուցասրահում:
Ջեք Գեւորգյանը առաջին ու դեռեւս միակ բժիշկն է, որ պաշտպանել եւ իրականացրել է էֆտանազիայի գաղափարը: Նա օգնել է կյանքից հեռանալ 130 ծանր հիվանդի, ինչի համար էլ նրան անվանել են «Դոկտոր Մահ»: 1998-ին անբուժելի հիվանդ Թոմաս Յուկին նրա վերջին հիվանդն էր: Ամերիկյան ոստիկանությունը նրան ձերբակալում է երկրորդ աստիճանի սպանություն գործելու մեղադրանքով: Գործը մեծ աղմուկ է բարձրացնում, եւ Ջեքին դատապարտում են 10-25 տարվա ազատարկման: Սակայն Գեւորգյանը բանտում անցկացնում է 8.5 տարի: Նրան ազատ են արձակում լավ վարքի համար: Գեւորգյանը մահացել է այս տարի` 83 տարեկան հասականում: Երկու տարի առաջ հանրահայտ դերասան Ալ Պաչինոն մարմնավորեց Ջեքի կերպարը «Դոկտոր Մահը» ֆիլմում, որի համար արժանացավ «Ոսկե գլոբուսի»:
Հ. Հ.