«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


ԵԹԵ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑՎԻ, ԿԶԱՐԳԱՆԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆԸ, ԱՅԼԵՎ ԿԱՐՍՆ ՈՒ ՎԱՆԸ

Թուրք տնտեսագետները` հայ-թուրքականի մասին

Հայ-թուրքական սահմանը պետք է օր առաջ բացվի: Դա երկկողմանի շահ ներկայացնող հարց է, որովհետեւ փակ սահմաններից տուժում է ոչ միայն Երեւանը, այլեւ Կարսն ու Վանը: «Ազգ» օրաթերթի հետ զրույցում Թուրքիայում հայտնի տնտեսագետները շեշտում են` սահմանների փակ կամ բաց լինելը քաղաքական խնդիր է, սակայն իրենք, որպես տնտեսագետներ, հասկանում են հարցի լրջությունն ու կողմ են սահմանների բացմանը:

«Անադոլու քյուլթյուր» կազմակերպության նախագահ Օսման Քավալայի ներկայացմամբ` Արեւելյան Անատոլիան Թուրքիայի թերզարգացած հատվածն է: Սահմանների բացումը տնտեսական զարգացման առումով առավել նպաստավոր կլինի հենց այդ շրջանների համար: «Սահմանների բացումը կթեթեւացնի Հայաստանի սոցիալական ծանր վիճակը, Կարսում կզարգացնի տուրիզմը: Սակայն այս հարցում կա լուրջ խնդիր: Կարսի բնակչության գերակշիռ հատվածը քրդերն ու ադրբեջանցիներն են, իսկ Ադրբեջանը դեմ է հայ-թուրքական որեւէ հարաբերության հաստատման: Սա, իհարկե, մեր կառավարության թերացումն է, բայց նրանք էլ պետք է գիտակցեն, որ օր առաջ պետք է բացել սահմանները»:

«Թուրքիայում արգելող օրենք չկա, սակայն դուք դժվարությամբ կկարողանաք այստեղ ապրանք գնել, որի պիտակին գրված լինի Made in Armenia: Մինչդեռ Հայաստանում վաճառվում են թուրքական ապրանքներ: Եթե սահմանները բացվեն, դա կօգնի, որ հայկական արտադրությունը ներկայացվի թուրքական շուկայում: Սահմանների բացումը որեւէ էական ազդեցություն չի կարող գործել Թուրքիայի տնտեսության վրա, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է` փոքր տնտեսությամբ, սակայն էական ազդեցություն կունենա Կարսի, Իգդիրի, Էրզրումի զարգացման վրա», Սա էլ Ստամբուլի Բաշեշեհիր համալսարանի հասարակական եւ տնտեսական կենտրոնի փորձագետ Զյումրյութ Իմամօղլուի տեսակետն է:

Իմամօղլուն մի քանի ամիս առաջ է այցելել Երեւան: Խոստովանում է` ապշել է, երբ մայրաքաղաքի փողոցներում այդքան շատ թանկարժեք ջիպ ու «Համեր» մեքենաներ է տեսնել: «Ստամբուլում լսում ենք, որ Երեւանի տնտեսությունը շատ վատն է, որ երկիրը ճգնաժամ է ապրում, մարդկանց կենսամակարդակը ցածր է, բայց մայրաքաղաքում մարդիկ շրջում են թանկարժեք մեքենաներով: Զարմանալի է»:

Բաժակների բիզնեսով զբաղվող Ռուշտու Բուզկութը Հայաստան այցելել է 70-ականներին: Ասում է` տպավորվել է Հայաստանի բնությամբ եւ հայկական կոնյակով: Կոնյակն այնպես է հիացրել թուրք գործարարին, որ նա որոշել է. եթե երբեւէ ապրի Հայաստանում, անպայման կզբաղվի ալկոհոլի բիզնեսով: Նրա գնահատմամբ` երկրները կարող են զարգանալ միայն այն պարագայում, երբ միմյանց միջեւ առեւտուրը կկազմի ոչ պակաս, քան 50 տոկոս: «Բոլորս էլ գիտակցում ենք, որ սահմանների բացմամբ ներդրումներ կկատարվեն, աշխատատեղեր կբացվեն: Իհարկե, վերջին 10 տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել հատկապես Արեւելյան Անատոլիայում, սակայն դրանք համարվում են Թուրքիայի թերզարգացած շրջանները: Գլխավոր օգուտը նրանք կստանան»:

Թուրքիայում հայտնի տնտեսագետ Ասաֆ Սեվաշ Ագաթը Թուրքիայի գլխավոր խնդիրներից է համարում տնտեսության ոչ համաչափ զարգացումը: «Տարածաշրջանները երկփեղկված են եւ քրդերի զբաղեցրած տարածքում` Հարավարեւելյան Անատոլիայում կատարյալ հետամնացություն է, սոցիալական ծանր վիճակ»: Ըստ տնտեսագետի` խնդիրը քաղաքական է. «Պետությունը միտումնավոր ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի այդ շրջանները զարգանան: Պետությունը հրաժարվում է այդ տարածքներում գործարան կառուցել, որովհետեւ չգիտի, թե ապագայում այդ շրջանների հետ ինչ է լինելու: Եթե սահմանները բացվեն` Կարսը կշահի: Կարսի տեղանքը սեղմված է, կլիման շատ վատն է, կղզիացած է, շրջափակված եւ զարգացման լուրջ խնդիրներ ունի: Սահմանների բացման բուն նպատակն էլ պետք է լինի առեւտրի խորացումը»:

Նրա գնահատմամբ` եթե Հայաստանը մրցունակ ապրանք առաջարկի, ապա Թուրքիայիում կվաճառվի, որովհետեւ Թուրքիայի շուկան բաց է: «Հայաստանը Թուրքիային շատ քիչ բան կարող է առաջարկել, որովհետեւ տնտեսությունը փոքր է: Որպես օրինակ Հայաստանը կարող է Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառել, բայց Թուրքիայում «Ջերմուկ» վաճառելը լուրջ խնդիր կհարուցի»:

«Ազգ»-ի հետ զրույցում բոլոր տնտեսագետներն էլ խուսափեցին պատասխանելուց, թե ինչու է Թուրքիան մաքսային շատ բարձր հարկեր սահմանել իր տարածք մուտք գործող հայկական ապրանքների վրա: Նրանք ընդամենը շեշտում էին, որ Թուրքիայում հայկական ապրանք չկա, որովհետեւ հայկականը մրցունակ չէ: Մինչդեռ Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչներից տեղեկացանք, որ ներքին կարգով թուրքական կառավարությունը արգելել է հայկական ապրանքների մուտքը Թուրքիա: Այդ արգելքը չի վերաբերում միայն 16-հոգանոց մարդատար մեքենաներով տեղափոխվող մեքենաներին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստամբուլ-Երեւան

Նկար 1. Ասաֆ Սեվաշ Ագաթ

Նկար 2. Զյումրյութ Իմամօղլու

Նկար 3. Ռուշտու Բուզկութ

Նկար 4. Օսման Քավալայ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4