Հիմնականում դարձյալ արդյունաբերության եւ գյուղատնտեսության շնորհիվ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի սեպտեմբեր ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցել է 9 տոկոս աճ: Օգոստոսի նկատմամբ սեպտեմբերին արձանագրվել է 17 տոկոս աճ: Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից, ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը:
Արդյունաբերությունը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 16,6 տոկոսով, իսկ այս տարվա օգոստոսի նկատմամբՙ 9,4 տոկոսով: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 18,6 տոկոսով, իսկ այս տարվա օգոստոսի նկատմամբՙ 39,8 տոկոսով: Շինարարությունը սեպտեմբերին արձանագրել է 25,2 տոկոս անկում, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ աճել է 19,4 տոկոսով:
Մանրածախ առեւտրում արձանագրվել է 1,7 տոկոս աճ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, իսկ այս տարվա օգոստոսի նկատմամբՙ 4,6 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 3,5 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսի նկատմամբՙ 0,3 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 15,8 տոկոսով, իսկ օգոստոսի նկատմամբՙ 23,6 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի սեպտեմբերին 2010-ի սեպտեմբերի նկատմամբ ավելացել է 26,7 տոկոսով եւ կազմել 525,3 մլն դոլար, իսկ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբՙ 1,9 տոկոսով: Արտահանումը կազմել է 142,9 մլն դոլար, արձանագրելով 48,4 տոկոս աճ, իսկ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբՙ 21,8 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 382,4 մլն դոլար, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճելով 20,1 տոկոսով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատՙ նվազել 4 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը սեպտեմբերին բարելավվել է, կազմելով 239,5 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում սեպտեմբերին կազմել է 114 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 138 հազար դրամ, պետականումՙ 93 հազար դրամ:
Այսպիսով, սեպտեմբերին, ինչպես եւ օգոստոսին, տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել տնտեսության իրական հատվածիՙ արդյունաբերության եւ գյուղատնտեսական արտադրանքի աճով: Շինարարությունը շարունակում է անկում արձանագրել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ