«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԻ ՀԷԿ-Ը ԿԿԱՌՈՒՑՎԻ

Կառավարության շենքի դիմաց երեկ կրկին մարդաշատ էր: Հավաքված մի քանի տասնյակ մարդիկ ներկայացնում էին իրենց հետ կատարված անօրինական դեպքերն ու պահանջում լուծել իրենց խնդիրները: Յուրաքանչյուր հինգշաբթի հաշմանդամ օդաչուները պաստառներով կանգնում են կառավարության շենքի դիմաց` պահանջելով իրենց օրինական թոշակը: Նրանք մասնագիտական պարտականությունը կատարելիս վիրավորվել են ու դարձել հաշմանդամ: Կառավարության որոշմամբ, նրանք պետք է թոշակ ստանային, սակայն, օդաչուների խոսքերով, ավելի քան 10 տարի չեն ստացել:

Կառավարության շենքի մեկ այլ հատվածում բնապահպաններն էլ ահազանգում են` Թռչկանի ջրվեժի հարեւանությամբ ՀԷԿ-ի կառուցումն ապօրինի է ու կվնասի ջրվեժին: «Թռչկանի ձայնը մեր ժողովրդի ձայնն է, որն ուզում են խեղդել խողովակների մեջ», ասում էին բնապահպանները` պահանջելով դադարեցնել շինարարությունը Թռչկանում: Լեւոն Գալստյանը «Փրկենք Թռչկանը» քաղաքացիական նախաձեռնության անդամներից է: Պատմում է, որ մի քանի անգամ դիմել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, սակայն նախարարից պատասխան չեն ստացել: «Մինչ շինարարությունը սկսելը նրանք պետք է քննարկում անցկացնեին: ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրվեժը կկորցնի իր նախկին տեսքը: Թռչկանը բնության հուշարձան է եւ հուշարձանների պահպանության ցանկում է:

Մինչ բնապահպանները դրսում պահանջում էին դադարեցնել Թռչկանի մոտ ՀԷԿ-ի շինարարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերի դահլիճում հետաքրրքվեց` ինչպիսի խնդիրներ կան Թռչկանի ջրվեժի հետ կապված: «Այն գործողություններն ու շինարարական աշխատանքները, որ իրականացվել են, որեւէ ձեւով չեն խանգարում ջրվեժի բնականոն գործունեությանը», ասաց նախարարը:

Կառավարության նիստից հետո «Ազգ»-ի հետ զրույցում նախարարն ասաց, որ որոշ սահմանափակումներ են մտցվել: Ջրվեժը բնականոն գործում է 400-500 լիտր-վայրկյան արագության սահմանում, եւ որոշում է կայացվել, որ այդ ցուցանիշը գերազանցելու պարագայում միայն թույլ տրվի ավելացված ջուրը վերցնել: Արգելվել է ամռան ամիսներին ՀԷԿ-ի գործածումը: Հարությունյանի հավաստիացմամբ` սահմանափակումները կառուցապատող ընկերությունը պետք է պահպանի, որպեսզի կոթողը չվնասվի: «Սահմանափակումները միեւնույն ժամանակ հնարավորություն կտան կառուցապատողին շարունակել աշխատանքները, հակառակ դեպքում իրենք վարկային ռեսուրսներ ունեն ներգրավված եւ հնարավոր է` դատական գործընթացների առաջ կանգնենք», ասաց նախարարը: Հարությունյանի տեղեկացմամբ` վարչապետի հանձնարարականով հաջորդ շաբաթ բնապահպանների հետ կկազմակերպվի քննարկում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ անհրաժեշտ համարեց, որ սահմանափակումները փոխադարձ համաձայնագրով հաստատվեն. լիցենզիաների տրամադրման պայմաններում համապատասխան ամրագրումներ լինեն: Նազարյանի գնահատմամբ` այդ կերպ հսկողությունը հավուր պատշաճի կլինի:

Բնապահպանների մեղադրանքներին, որ բնապահպանության նախարարը գործում է ընդդեմ բնության, որովհետեւ Թռչկանի ջրվեժի առաջին պաշտպանը պետք է նախարարը լիներ, Հարությունյանն ասաց. «Ընդդեմ բնության չեմ գործում, ՀԷԿ-ը որեւէ բացասական ազդեցություն ջրվեժի վրա չի ունենա»: Բնապահպաններին, սակայն նախարարի հավաստիացումները չբավարարեցին: Նրանք խոստացան, որ շարունակելու են բողոքի ակցիաները:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4