«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ մեզ շատ զարմացրեց այն լուրը, որ սեպտեմբերի 6-ին իր երկու զավակներին կախելու միջոցով խեղդամահ արած Ռոզա Ալոյանը անմեղսունակ է ճանաչվել: Ըստ դատահոգեբուժական հանձնաժողովի եզրակացության` Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա-պարանոիդ ցնորված-զառանցանքային համախտանիշ հոգեկան հիվանդությամբ, եւ նախաքննական մարմինը կհարուցի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ եւ գործը կուղարկի դատարան: Ու դատարանին կմնա վճռել, թե ո՞ր հոգեբուժարան կուղարկվի Ռոզա Ալոյանը: Թվում է, այո, 4-ամյա եւ 6-ամյա երեխաներին սառնասրտորեն իր շարֆով կախած մայրը հենց շիզոֆրենիկ էլ պիտի լիներ, քանի որ անգամ ամենաստորին դասի կենդանին չի սպանում իր սերնդին: Սակայն, մյուս կողմից, մի մեծ հարցական, բազմաթիվ ենթահարցականներով, կախվում է օդում. իսկ ինչպե՞ս է շիզոֆրենիայով տառապող մարդը 6 տարի կարողացել մայրություն անել, Արարատի մարզում ո՞ր օղակներն են պատասխանատու, որ երկու փոքրիկները թողնվել են շիզոֆրենիայով տառապողի խնամքին, ո՞ր օղակներն են ձեռքերը լվացել եւ թերացել` իրենց իրավասությունը բանեցնելու եւ երեխաների ճակատագիրը տնօրինելու հարցում: Ո՞ր օղակների պատճառով են կիսատ-պռատ որոշումներով հիվանդ մորը հանձնել զույգ մանկիկներին, թե` ոնց կուզես վարվիր երեխաների հետ, կուզես սպանիր, կուզես ողջ թող: Էդ Արարատի մարզը լուսնի վրա՞ է, այնտեղ չկա՞ն, չե՞ն գործում անչափահասների գծով ոստիկանության համապատասխան կառույց, քաղաքապետարանի կամ մարզային համապատասխան կառույց, տարածքային կառույցներ եւ պատասխանատուներ, որոնց անշուշտ պետք է հետաքրքրեր շիզոֆրենիայով տառապող մոր հետ մնացած երեխաների ճակատագիրը: Կամ եթե Ռ. Ալոյանը ամուսնալուծված էր եւ շիզոֆրենիկ, նրան անշուշտ դատարանն է ամուսնալուծել, դատական համակարգի պաշտոնյաները պաշտոնյա լինելուց բացի նաեւ մարդիկ են, չէ՞, բա նրանց չի՞ հետաքրքրել, թե այս շիզոֆրենիկ կնոջ կողքին ինչի՞ բաժին են դառնալու անմեղ երեխեքը: Անպատասխան հարցեր, որոնք ենթադրել են տալիս մեր հասարակության մեջ ծանր նստող անհոգիության մասին` հանդեպ մարդն ու մարդկային ճակատագիրը, որը մեր այսօրվա շահախնդիր վարքուբարքի առկայությամբ ենթադրելի է: Շրջապատողների անհոգիությունը հասկացանք, սակայն այն օղակները, որոնք այս մոր ու արդեն սպանված նրա երեխաների ճակատագրում թերացել են, պետք է պատասխանատվություն կրեն կատարվածի համար, քանի որ մեր վճարած հարկերով զանազան խայտաբղետ տեղական կառույցներ ենք պահում, որոնք բացարձակ անմեղսունակ են կատարվածի հանդեպ:

Ռ. Ալոյանի անմեղսունակ ճանաչելու փաստը այդ կառույցների անմեղսունակության վկայականն է, եթե, իհարկե, այլ բան չի թաքնված սեփական զավակներին սպանած մորը անմեղսունակ ճանաչելու փաստի տակ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4