«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ

Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է ՄԱԿ-ի 66-ամյակին: Տոնական շաբաթվա առաջին միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ եւ լուսանկարչի ընկերները: Զավեն Խաչիկյանի 150 բացիկներն ու լուսանկարները, որոնք ծնվել են անկախության 20 տարիների ընթացքում, պայծառ եւ գունագեղ են, որոնք պատկերում են հայի բնավորությունն ու հայկական բնապատկերները: Ցուցահանդեսը բացեց ու լուսանկարչին ողջունեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, նշելովՙ «Հայկական արվեստի միջոցով մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սեւեռել ՄԱԿ-ի արժեքների եւ սկզբունքների խթանմանը»:

«Ազգի» հետ զրույցում Զավեն Խաչիկյանն ասաց. «Այս գործերն իմ եւ դիզայներ Հասմիկ Մովսիսյանի 20 տարիների աշխատանքի արդյունքն են, որոնց սկիզբը դրվեց մութ ու ցուրտ տարիներին ստեղծված գործերը մի կտոր թղթի վրաՙ պարզապես ընկերներին նվիրելու համար: Իսկ հետո, երբ Հայաստան մուտք գործեց գունավոր տպագորությունը, լուսանկարները դարձան բացիկներ, դարձան հուշանվեր»: Լուսանկարչի աչքից չեն վրիպել հետաքրքրական տեսարանները, պահերը, որոնք անմահացել են ու դարձել կադր, դարձել հայոց բնաշխարհի, մարդկանց ապրելակերպի վկայություն:

Այս պահին լուսանկարիչը աշխատում է նոր գրքով տպագրել իր 30 տարիների լուսանկարները ու կազմակերպել անհատական մեծ ցուցահանդես: Խաչիկյանի լուսանկարները տպագրվել են տեղական եւ օտար մամուլումՙ մշտապես արժանանալով գովասանքի: Զավեն Խաչիկյանի աշխատանքների գնահատականը տվեցին արվեստագետներ ու ընկերներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 4-ը 15.00-17.00-ըՙ նույն վայրում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4