Այս օրերին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում են Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ, որոնք աշխատում են իրենց հայ 47 գործընկերների հետ: Նրանցից 35-ը մանկավարժական համալսարանի դասախոսներ են, մյուս 12-ը ՀՀ բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների, այդ թվում ՀՊՄՀ կոնսորցիումի անդամ բուհերի` Գորիսի, Գավառի եւ Գյումրիի համալսարաններից հրավիրված մասնագետներ:
Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ծրագրերի իրականացման գործակալության հետ միասին, մշակվել էր ծրագիր, ըստ որի ՀՊՄՀ-ն ստացել է հնարավորություն` ընտրելու գործընկեր, եւ այդ գործընկերը դարձել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանը: Այն հայտնի է որպես ոչ միայն Ֆինլանդիայի, այլեւ Եվրոպայի լավագույն մանկավարժական կադրեր պատրաստող բուհերից մեկը: 2011 թվականի մայիսին Օուլուի համալսարանի փորձագետները ճանաչողական այց կատարեցին ՀՊՄՀ, որից հետո այս շաբաթ նրանք անցկացրին Հայաստանի մանկավարժական կադրեր պատրաստող համալսարանում:
Ֆին մասնագետները տեղացի փորձագետներին են փոխանցում այն փորձը, որ այս պահին մանկավարժական կրթության տեսակետից պահանջվում է եվրոպական չափանիշներով: 2011 թվականի հոկտեմբերից մինչեւ 2013 թվականի հունվարը նախատեսված ծրագրի ընթացքում պարբերաբար հանդիպումներ կլինեն, գաղափարներ ու ծրագրեր կմշակվեն:
Հոկտեմբերի 17-ին մեկնարկած առաջին փուլի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 21-ին: Ֆին փորձագետների երկրորդ այցը նախատեսվում է 2011 թվականի դեկտեմբերին:
Հայ մասնագետները համապատասխան թրենինգներն անցնելուց հետո իրենք կդառնան տեղական փորձագետներ, եւ կարող են իրենց աշխատանքով ներդրում ունենալ տարբեր բուհերում եվրոպական չափանիշների ներմուծման հարցում: