«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Այսօր Երեւանում մեկնարկում է մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարը: Ընտրական 10-րդ խմբում ընդգրկված Հայաստանի պատանեկան հավաքականը հաջորդ փուլի 2 ուղեգրերի համար մրցավեճի կբռնվի Սլովակիայի, Հունաստանի եւ Անդորրայի ֆուտբոլիստների հետ: Կարծում ենք, որ մեր ընտրանին ի վիճակի կլինի տիրելու ուղեգրերից մեկին ու շարունակելու պայքարը հաջորդ փուլում: Եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է 2-րդ փուլում եւս հաջող հանդես գալ:

Հայաստանի պատանեկան հավաքականը լրջորեն է նախապատրաստվել ընտրական մրցաշարինՙ անցկացնելով ուսումնամարզական հավաքներ եւ ընկերական խաղեր: Վերջին հավաքը Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ հավաքականն անցկացնում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ընտրական մրցախաղերին են նախապատրաստվում 23 ֆուտբոլիստներ: Նրանց մեծամասնությունը «Փյունիկից» են (13 ֆուտբոլիստ): 5 ֆուտբոլիստ է հրավիրվել «Բանանցից», մեկականՙ «Շիրակից» եւ «Իմպուլսից»: Հավաքականի կազմում ընդգրկված են նաեւ 3 լեգեոնականներՙ պաշտպան Էդուարդ Թաթոյանը («Ուրալ», Ռուսաստան), կիսապաշտպան Աղվան Պապիկյանը (ԼԿՍ, Լոձ, Լեհաստան) եւ հարձակվող Հայկ Ղազարյանը («Տորպեդո» Մ., Ռուսաստան):

Հայաստանի հավաքականն իր հանդիպումներն անցկացնելու է «Հանրապետական» մարզադաշտում, իսկ մյուս խաղերը կկայանան «Միկա» մարզադաշտում: Այսօր մեր ֆուտբոլիստները կմրցեն Սլովակիայի ընտրանու հետ: Խաղը կսկսվի ժամը 16-ին: «Միկա» մարզադաշտում ժամը 13.30-ին կկայանա Հունաստան-Անդորրա հանդիպումը: Հոկտեմբերի 23-ին մեր հավաքականը կհյուրընկալի հույներին, իսկ մյուս խաղում կմրցեն սլովակներն ու անդորրացիները: Խաղերը կկայանան նույն ժամերին:

Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 26-ին: Այդ օրը ժամը 15-ին հայ ֆուտբոլիստները կխաղան Անդորրայի հավաքականի հետ: Նույն ժամին «Միկա» մարզադաշտում մրցավեճի կբռնվեն հույներն ու սլովակները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4