«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ, ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ` ԲԱՔՎՈՒՄ

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) Երեւանում երեկ հանդիպում էին նախագահ Սարգսյանին ու ԱԳ նախարար Նալբանդյանին (այդ հանդիպումներին դեռ կանդրադառնանք), Մինսկի խմբի նախկին համանախագահ, այժմ Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հերթական անգամ ակտիվացել էր: Բրայզան, ըստ ԱՊԱ գործակալության, հայտարարել է, որ «համանախագահները Ադրբեջանում կքննարկեն հիմնարար սկզբունքներն ու Կազանում ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը: Կքննարկվեն նաեւ գործընթացի խթանման եւ վերականգնման ուղիները»: Թե որտեղի՞ց գիտի Մեթյու Բրայզան Բաքվում համանախագահների օրակարգի մանրամասնությունները, այլ հարց է, այստեղ ուշագրավն այն է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը, փաստորեն, վերջապես «խոստովանում է» նույն Բաքվի անունից, որ «Կազանում ադրբեջանական կողմը բարձրացրել է հարցեր»: Այնուհետեւ Բրայզան, հայտնելով Վաշինգտոնի դիրքորոշումը, ասում է. «Պետք է ամփոփել հիմնարար սկզբունքների աշխատանքներն ու անհապաղ անցնել մեծ համաձայնագրի ստորագրմանը»: Բրայզան այստեղ կամ չի ներկայացնում Վաշինգտոնի դիրքորոշումը, կամ պարզապես Վաշինգտոնի դիրքորոշումը «այն չէ», կամ էլ ադրբեջանական ԱՊԱ-ն պարզապես խեղաթյուրում է դեսպանի խոսքերը: «Ամփոփել հիմնարար սկզբունքներն ու անհապաղ ստորագրել մեծ համաձայնագիր»ՙ չի կարող լինել, քանի որ նախ` հիմնարար սկզբունքները պետք է ոչ թե ամփոփվեն, այլ փոխհամաձայնեցվեն, որոնց հիման վրա էլ, ինչպես բազմիցս ասել են համանախագահող երկրների նախագահները, պետք է սկսվեն աշխատանքները խաղաղության մեծ պայմանագրի շուրջը:

Իսկ գաղտնիք չէ, որ «եթե առաջարկված սկզբունքներից թեկուզ մեկը փոխհամաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ», քանի որ առաջարկված սկզբունքների առանձին-առանձին դիտարկումը ընդունելի չէ` դրանց մեկ ամբողջություն լինելու հանգամանքից ելնելով: Ինչեւէ, թողնենք Բրայզային, ավելի լավ ծանոթանալու «Վաշինգտոնի դիրքորոշմանը», ու նշենք, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը երեկ նախ հանդիպեց ԱԳ նախարար Նալբանդյանին: ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «Միջնորդների հետ զրույցում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ նման դիրքորոշումը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը եւ, բնականաբար, նաեւ համանախագահների մոտեցմանը, որոնց մասին հրապարակային բազմիցս հայտարարվել է»:

Արդեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը համանախագահները, ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, «խոսել են հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին»:

Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի` news.am-ի թղթակցին տված հարցազրույցիՙ ենթադրվում է, որ Մինսկի խմբի համանախագահները կլինեն նաեւ Ստեփանակերտում` հանդիպելու նախագահ Բակո Սահակյանին, որից հետո կայցելեն Բաքու:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4