«Վերջին բռնապետներից» առաջինը, կարծեմ, հրապարակային մահապատժի ենթարկվեց Ռումինիայի երկարամյա կոմունիստ առաջնորդ Չաուշեսկուն: Պատկերը սահմռկեցուցիչ էր: Հետո «դատարանի վճռով» կախաղան հանվեց Սադդամ Հուսեյնը: Հարավսլավական «բռնապետ» Միլոշեւիչը մահկանացուն կնքեց բանտում: Այսօր էլ, ահա, համաշխարհային լրատվամիջոցները ցուցադրում են Քադդաֆիի արնաշաղախ մարմինը, որ լիբիացի «ժողովրդավարները» քարշ են տալիս նրա հայրենի քաղաքի փողոցներում: Դրանից տառացիորեն երկու օր առաջ ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ իր երկիրը ցանկանում է «Քադդաֆիին մեռած տեսնել»:
Հնարավոր չէ՞ր ձերբակալել Քադդաֆիին, նրան կանգնեցնել Լիբիայի անցումային իշխանության ստեղծած դատարանի առջեւ եւ հնարավորություն տալ, որ պաշտպանի իրեն: Գոնե վերջին խոսքն ասի այն ժողովրդին, ում կուռքն էր եղել տասնամյակներ շարունակ:
Ինչո՞ւ Քադդաֆիի մահը ցանկալի է Միացյալ Նահանգների համար, իսկ քուրդ ապստամբների Թուրքիայում իրականացրած ահաբեկչությունը` ոչ: Չէ՞ որ Թուրքիայում քրդերն էլ պայքարում են իրենց իրավունքների եւ ազատությունների համար: Ինչո՞ւ աշխարհի մի կետում ապստամբները համարվում են «ժողովրդավարության նվիրյալներ», մյուս դեպքում` «ծայրահեղական ահաբեկիչներ»:
Պատասխանն ակնհայտ է. չկա ժողովրդավարության ունիվերսալ սահմանում: Ամեն ինչ հարաբերական է: Ընդդիմախոսներին հետապնդող Լուկաշենկոն «բռնակալ» է, իր պոտենցիալ մրցակցին քաղաքացիությունից զրկող Սաակաշվիլին` ոչ: Նայած նպատակահարմարությանը: Կարելի է «պատահաբար» Աֆղանստանում ռմբահարել քաղաքացիական բնակչությանն ու ցավակցել Կարզային: Կարելի է, միաժամանակ, աղմկել, թե ինչո՞ւ իրանական իշխանությունները մահապատիժ են կիրառում: Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ մի շարք նահանգներում մարդկանց դեռ «նստեցնում են» էլեկտրական աթոռին: Կախաղանը ժողովրդավարական չէ, բայց էլեկտրական աթոռը, պարզվում է, «ամենահումանիստական մահապատիժն» է:
Սպանված Քադդաֆիին ցուցադրող հեռուստաընկերություններն, իհարկե, «ապահովում են տեղեկացված լինելու» մարդկանց իրավունքը: Բայց չէ՞ որ դա սարսափելի է: Չէ՞ որ ոչ ոքի տրված չէ մարդու դիակը պղծելու իրավունքը: Նույնիսկ եթե խոսքը «բռնապետի» դիակի մասին է: Ի՞նչ կարիք կա այդ նողկալի կադրերը սփռել աշխարհով մեկ: Տպավորությունն այնպիսին է, որ Քադդաֆիին սպանողներն անգամ մինչեւ վերջ համոզված չեն, որ նա այլեւս չկա: Եվ խրախճանք են կազմակերպում, որպեսզի նախ իրենք ազատված լինեն կարեւորագույն մրցակցի կողմից վրեխխնդրության թիրախ դառնալու վախից, ապա մնացյալ աշխարհին համոզեն, թե որքան «քաջ» են:
Ինչպե՞ս նրանք կկառավարեն Լիբիան` ցույց կտա ժամանակը: Մի բան, սակայն, հաստատ է. արյունով սկսողներն իրենց դատապարտում են նույն ճակատագրին: Բոլոր մարդիկ վերջին դատաստանի առաջ հավասար են: Իշխանությունից արդեն զրկված Քադդաֆին այլեւս բռնակալ չէր, այլ սոսկական մահկանացու: Սպանելով նրանՙ լիբիացի ապտամբները փորձել են խեղդել սեփական վախը: Նրանց հովանավորները` նույնպես: Իսկ դա արդեն այլ բան է նշանակում: Քադդաֆիի սպանությանը ցանկացած բացատրություն կարելի է գտնել: Բացի մեկից. դա ամենեւին էլ ժողովրդավարության հաղթանակ չէր: Ընդհակառակը. պաշտոնազուրկ առաջնորդի դաժան սպանությունն ու դիակի պղծումը միայն եւ միայն ամենաթողության խրախճանք են:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ