Հայաստանի նախագահը առայժմ Վրաստանին հասկացնում է, որ նոյեմբերի սկզբին նախատեսված այցելությունը այդ երկիր կարող է տեղի չունենալ: Որ այսպիսի այց նախատեսվում էր, ոչ շատ երկար ժամանակ առաջ հայտարարել էր Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն հերթական ճեպազրույցներից մեկում: Հայաստանյան կողմն էլ որեւէ կերպ չէր արձագանքել, ասել է թե այսպիսի այց իրապես նախատեսվում էր:
Այցի տեղի չունենալու հավանականության մասին ուղղակի չի ասվել: Արվել է հայտարարություն, ըստ որի «նոյեմբերի առաջին կեսին Սերժ Սարգսյանի օտարերկրյա այց նախատեսված չէ»: Շեշտելով, որ դա իր ունեցած տեղեկություններով է ասվում, այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ուղեկցելո՞ւ է արտգործնախարարը հանրապետության նախագահին նոյեմբերի սկզբին Վրաստան կատարելիք այցի ժամանակ:
Կարելի է ենթադրել, որ այց նախատեսվում է, բայց ոչ նոյեմբերի առաջին կեսին, այսինքնՙ խոսքը կարող է վերաբերել այցելության ժամկետներին, սակայն այլ հանգամանքներ այլ ենթադրությունների տեղիք են տալիս: Մասնավորապես, այցի չկայանալու պատճառ կարող է լինել բավականին հին մի երեւույթ. խոսքը Վրաստանի նախագահի երբեմն արվող հայտարարություններից հերթականի մասին է, որ վիրավորական ու տգեղ, ոչ կոռեկտ ու տհաճ է Հայաստանի համար:
Չնայած վրացական կայքէջերում Վրաստանի նախագահ Սաակաշվիլու հայտարարությունը, թե Տավուշի մարզում միջպետական ճանապարհին տեղի ունեցածը մաքրելու համար վրացի նախարարը երկու օր կծախսեր, բնավ էլ կասկածելու տեղիք չի տալիս, որ գլուխգովան, սեփական չարած քայլերը գովազդելու գործում ոչ մի բանի առաջ չկանգնող Սաակաշվիլին ամենայն հանգստությամբ ունակ եւ կարող էր նման բան ասել:
Իսկ այն, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը չի հավատում, թե «Վրաստանը նախագահը նման բան ասած լինի», գուցե հնարավոր մի տարբերակ է, որ թողնվում է վրացական իշխանություններին` հարթելու ստեղծված իրավիճակը: Ասել է թե հայաստանյան իշխանությունները վրացիներին տեղ են թողել` շտկելու նախագահ Սաակաշվիլու հերթական անհաջող ու տգեղ հայտարարությունը:
Փաստը մնում է փաստ, որ առաջին անգամ չէ, երբ Վրաստանի նախագահը չափ ու սահման չի ճանաչում, կամ կարելի է ասել` չի հասկանում դրանց գոյությունը, երբ խոսքը իրեն կամ Վրաստանը «իրենով բարեփոխված» ներկայացնելուն է վերաբերում: Համեմատությունները, թե վրացական կառավարությունն առավել արդյունավետ է գործում, կամ էլ թե «Վրաստանն աղքատ կլիներ, ինչպես Հայաստանը», եթե Ռուսաստանից կախված լիներ, Սաակաշվիլու ինքնահավան բառապաշարի մաս են կազմում ճիշտ այնպես, ինչպես հենց Վրաստանում կամ անգամ ԱՄՆ-ում տեղակայված վրացի պաշտոնյաների պարագայում: Եվ եթե նախատեսված այցը, թեկուզ վրացական կողմի հայտարարած ժամկետներում, տեղի չի ունենում, կարող է նաեւ վկայել հայկական կողմի` Սաակաշվիլու հայտարարություններից դժգոհության մասին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ