Ըստ երեւույթին նա չի հասկանում «նպաստելու» իմաստը կամ էլ գիտակցաբար նենգափոխում է
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաօծման առթիվ երեկ Թուրքիա էր մեկնել ու Մ. Նահանգների Արեւելյան թեմի առաջնորդարանի թեմական խորհրդի պատվիրակությունը: Նշելով այդ մասին հոկտեմբերի 20-ի համարում, «Զամանը» միաժամանակ տեղեկացրել է, որ վերջին շրջանում, ազգային փոքրամասնություններին պատկանող կալվածքների վերադարձման եւ քրիստոնեական տաճարների վերականգնման շնորհիվ, սկսել են հետզհետե հալվել ամերիկահայ համայնքի եւ Թուրքիայի միջեւ առկա սառույցները:
Ըստ թուրքական թերթի, պատվիրակության կազմում են թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, Վիգեն եպս. Այկազյանը, առաջնորդարանի թեմական խորհրդի նախագահ, գործարար Օսկար Թաթոսյանը եւ ուրիշներ: Ամերիկահայ պատվիրակությունը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաօծմանը մասնակցելուց հետո կլինի Ստամբուլում եւ Վանում, ժամերգություն կմատուցի Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, եթե, ինչպես «Զամանն» է ընդգծում, հաջողվի ժամերգության համար թույլտվություն ստանալ իշխանություններից:
Թաթոսյանը «Զամանին» ասել է, որ իրենց այցելությունը «հաշտեցման եւ համագործակցության» ոգով է իրականացվում, ինքը վերջին 25 տարիներին հաճախ է եղել Թուրքիայում եւ միշտ արժանացել է ջերմ ու բարեկամական վերաբերմունքի:
Երկու ժողովուրդների հաշտեցմանը նպաստելու համար Օսկար Թաթոսյանը շնորհակալություն է հայտնել ինչպես Թուրքիայի վարչապետ Էրդողանին, այնպես էլ մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային, ավելացնելով. «Մեզՙ ամերիկահայերիս համար կարեւոր է Թուրքիայի հետ Հայաստանի բարեկամությունն ու առեւտրական հարաբերությունների զարգացումը»:
Այցելության կազմակերպման հարցում ամերիկահայերի պատվիրակությանը մեծ օժանդակություն է ցույց տվել Թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքը: Թե հայ եւ թուրք ժողովորդների հաշտեցմանն ինչով են նպաստել վարչապետ Էրդողանն ու նախարար Գյունայը, չգիտենք: Թաթոսյանը հավանաբար գիտի, բայց առանց «նպաստ» բառի իմաստը հասկանալու:
Չի բացառվում, որ նա երկու ժողովուրդների հաշտեցման գործում ունեցած նպաստի համար Թուրքիայի վարչապետին եւ նախարարին շնորհակալություն հայտնելիս միաժամանակ փորձի սիրունատես երեւալ թուրք-ամերիկյան ոչ գիտական կառույցների աչքին, որովհետեւ Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացի ձախողումը թուրքական նախապայմաններով, անկախ «նպաստի» թաթոսյանական ըմբռնումից, չի կարող հաշտեցմանը նպաստելուն առնչություն ունենալ: Սա նշանակում է, որ Թաթոսյանը չի ըմբռնում նաեւ «հաշտեցման» բառի իմաստը, թերեւս դրա համար էլ նենգափոխում է:
Խնդիրը, սակայն, Թաթոսյանը չէ, այլ հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանը նպաստելու մասին նրա թյուրըմբռնումները ողջ ամերիկահայության վերագրելու առիթը, որը նա վարչապետ Էրդողանին եւ նախարար Գյունային հասցեագրած շնորհակալությամբ տալիս է թուրքերին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ